ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի:
Ինչպես տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:
Մշակութային կրթության տարվա մեկնարկի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար, որտեղ շահառու ուսումնական հաստատություններին կներկայացվի մարզի մշակութային ներուժը:
Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում նախատեսվում է մեկ հարթակում միավորել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնք մեկ տարվա կտրվածքով շահառուներին կներկայացնեն իրենց ծրագրերը:
Մարզերում կրթամշակութային էքսպոները կանցկացվեն հետևյալ վայրերում՝
Արարատի մարզ-ք. Արտաշատ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն,
Արագածոտնի մարզ-ք. Աշտարակ, Աշտարակի մշակույթի պալատ / Աշտարակի դրամատիկական թատրոն,
Արմավիրի մարզ-ք. Էջմիածին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան,
Կոտայքի մարզ-ք. Հրազդան, Կոտայքի երկրագիտական թանգարան,
Շիրակի մարզ-ք. Գյումրի, Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան,
Լոռու մարզ-ք. Վանաձոր, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն,
Տավուշի մարզ-ք. Դիլիջան, Դիլիջանի երկրագիտական թանգարան,
Սյունիքի մարզ-ք. Գորիս, Ակսել Բակունցի տուն-թանգարան,
ք. Կապան, Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թանգարան,
Գեղարքունիքի մարզ-ք. Գավառ, Գեղարքունիքի երկրագիտական թանգարան,
Վայոց ձորի մարզ-ք. Եղեգնաձոր, Եղեգնաձորի պատկերասրահ:
Նախարարությունն ակնկալում է դպրոցականների և ուսուցիչների ակտիվ մասնակցությունը:
Գերատեսչությունից միաժամանակ հայտնում են, որ Երևանում «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավը կանցկացվի առանձին: