Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երեւանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել իր տարածքով կապը Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց Երեւանի դիրքորոշումը ռեգիոնալ բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակումն է, որի շնորհիվ Հայաստանը երկաթուղային կապ կստանա նաեւ Իրանի հետ, Ռուսաստանի, Թուրքիայի, Եվրոպայի հետ:
Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ «որ բոլոր գործընկերներն են հակված օգտվել Հայաստանի ընձեռելիք հնարավորությունից»: Որոնք են «ոչ բոլոր» գործընկերները, Փաշինյանը չի մանրամասնում եւ այստեղ իրավիճակը մնում է ենթադրությունների կամ եզրակացությունների դաշտում: Մինչդեռ, այստեղ է առանցքային հարցը, քանի որ Կովկասում ճանապարհների ապաշրջափակումը, եւ գլոբալ իմաստով խաղաղության տեւականությունն ընդհանրապես հնարավոր է, եթե ձեւավորվի այդ ամենի պահանջարկը ունեցող որեւէ կայուն «կոալիցիա»:
Անկասկած է, որ այդ խնդիրները չի կարող լուծել մեկ առանձին վերցրած պետություն, անգամ երկու առանձին վերցրած պետություն, որովհետեւ ըստ էության ոչ պակաս են լինելու նաեւ որեւէ սցենարով իրավիճակի զարգացմանը դեմ կանգնող ոչ պակաս թվով եւ ոչպակաս ուժեղ պետություններ, ռեեգիոնալ կամ համաշխարհային տերություններ: Ահա այստեղ է հարցը, թե որքանով է հավանական որեւէ «գերիշխող կոալիցիայի» ձեւավորում, երբ այլեւս ակնառու կլինի ուժերի այնպիսի գերակշռությունը, որը թույլ կտա իրատեսական, իրականանալի դարձնել որեւէ սցենար: Ըստ էության, «Երեւանյան երկխոսություն» դիվանագիտական միջազգային համաժողովի ելույթում Նիկոլ Փաշինյանի անդրադարձն այն մասին է, որ չկա այդպիսի «կոալիցիայի» ուրվագծում:
Այդ պարագայում իհարկե հարց է առաջանում, թե ինչի՞ «մասին» է Իրանի անհանգստությունը, որ դրսեւորվում է վերջին օրերին, կապված Ռուսաստանի պաշտոնյաների դիրքորոշումների հետ: Իրանը ունի մտավախություն, որ այդ կոալիցիան ձեւավորվու՞մ է: Իսկ կարող է ձեւավորվել առանց Իրանի: Կասկածից վեր է, որ Կովկասում ճանապարհների ապաշրջափակման անգամ մասնակի հեռանկարը իրատեսական չէ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համաձայնությամբ: Հետեւաբար, եթե Իրանը տեսնում է վտանգ, ապա միայն առերեւույթ այն կարող է թողնել Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիայի «ձեւաչափի» տպավորություն:
Իրանն ըստ ամենայնի տեսնում է ավելի լայն, ու այստեղ է առանցքային ինտրիգը: Եվ այդ իմաստով, ի դեպ, բավականին ուշագրավ է Փաշինյանի ելույթում այն հիշատակումը, որ Նախիջեւանը շրջափակման մեջ չէ եւ Ադրբեջանը ունի դրա հետ կապ Իրանի եւ Թուրքիայի տարածքով: Իհարկե հասկանալի է, որ շեշտադրումն այստեղ Իրանի տարածքն է, քանի որ Թուրքիայի տարածքով Ադրբեջանի հետ կապը բազմակի անգամ երկար է եւ անկասկած է, որ անհամեմատելի է Իրանի տարածքով հաղորդակցության հետ: