Սեպտեմբերի 9-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Այդ առթիվ փորձագիտական հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է Աստանայում հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ տրամադրելու մասին Տոկաեւի հավաստիացման եւ Իլհամ Ալիեւի համաձայնության վրա:
Ո՞րն է Տոկաեւ-Իլհամ Ալիեւ հեռախոսազրույցի բուն պատճառը:
Սեպտեմբերի 8-ին Ղազախստանում մեկնարկել են «Քոչվորների հինգերորդ համաշխարհային խաղերը»: Բացման արարողության ելույթում Ղազախստանի նախագահն ասել է, որ «Մեծ տափաստանում հանդիպումը պատմական կարեւոր իրադարձություն է, ինչպես նաեւ՝ միասնության եւ համաձայնության տոն»:
Թուրքական պետությունների կազմակերպության Շուշիի ոչ պաշտոնական գագաթաժողովին Ղազախստանի նախագահը «Քոչվորների միջազգային խաղերին» Իլհամ Ալիեւին մասնակցության հրավեր է արել: Այդ կապակցությամբ մենք դիտարկել էինք, որ դա Ալիեւի համար փորձություն է:
Ալիեւը չի ընդունել Տոկաեւի հրավերը եւ «Քոչվորների հինգերորդ համաշխարհային խաղերի» բացման հանդիսավոր արարողությանը ներկա չի գտնվել: Եվ դա այն դեպքում, երբ Տոկաեւի կողքին էին Կենտրոնական Ասիայի մյուս երեք թուրքախոս պետությունների առաջնորդները, ինչպես նաեւ Թաթարստանի «ռեիս» Մինիխանովը, Սախայի (Յակուտիայի) ղեկավար Այսեն Նիկոլաեւը:
Ալիեւի հետ հեռախոսազրույցում Ղազախստանի նախագահը նրան շնորհակալություն է հայտնել «Քոչվորների հինգերորդ համաշխարհային խաղերին» մարզական պատվիրակություն ուղարկելու համար:
Սա ավելի շատ «կշտամբանքի» իմաստ ունի, որ գործնական քաղաքական ռեժիմում, իհարկե, լուրջ հետեւանքներ չի ունենա: Ըստ երեւույթին, Ալիեւի դեմարշի պատճառ է նաեւ այն, որ Կենտրոնական Ասիա + Ադրբեջան համագործակցության նրա առաջարկը մնացել է չպահանջված:
Քաղաքականությունն, անշուշտ, կառուցվում է փոխադարձ շահերի հիմքով, բայց էթնիկ-քաղաքակրթական ընդհանրության, համերաշխության բաղադրիչը ոչ ոք չի անտեսում: Այս առումով ո՞րն է «թուրքական աշխարհի կենտրոնը»: Տոկաեւն ասում է՝ «Մեծ տափաստանը»:
Այս բնորոշումը միայն էթնիկ-քաղաքակրթական չէ: «Մեծ տափաստանը» ամենից առաջ աշխարհաքաղաքական հասկացություն է, որը սահմանում է արեալ, ռեգիոն: Ռուսաստանում «անտառի եւ տափաստանի համերաշխության» հիմքով է մշակվել «եվրասիական ընդհանուր տան» կոնցեպցիան:
«Քոչվորների հինգերորդ համաշխարհային խաղերի» բացմանը ներկա չգտնվելով, Իլհամ Ալիեւը միայն դժգոհությու՞ն է հայտնել, թե՞ նաև հասկացրել է, որ Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթություն» է: Եւ եթե Կենտրոնական Ասիան «խախտի տափաստանի եւ անտառի համերաշխությունը», զարգացնելով ներքին ինտեգրացիա, ապա Ռուսաստանի համար քաղաքակրթական սիներգիայի հնարավորություն ի՞նչ կստեղծի: