Ռուսաստանի զինվորականները գիշերվա ընթացքում երկրի տարբեր տարածաշրջաններում խոցել են ուկրաինական 144 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ համակարգերը ոչնչացրել և կալանել են ուկրաինական ինքնաթիռաին տիպի 144 անօդաչու թռչող սարք՝ 72 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի, 20-ը՝ Մոսկվայի մարզի, 14-ը՝ Կուրսկի մարզի, 13-ը՝ Տուլայի մարզի, 8-ը՝ Բելգորոդի մարզի, 7-ը՝ Կալուգայի մարզի, 5-ը՝ Վորոնեժի մարզի, 4-ը՝ Լիպեցկի մարզիի և 1-ը՝ Օռլովի մարզի տարածքում», – նշված է հաղորդագրության մեջ։
Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ Ռամենսկոյե քաղաքում ԱԹՍ-ն հարվածել է բարձրահարկ շենքի, որի հետևանքով զոհվել է 46-ամյա կին, երեք մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 9-ամյա երեխա, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել։ Ըստ Վորոբյովի՝ վնասվել են շենքի 102 բնակարաններից 54-ը։
«Գետնի վրա են մնացել անօդաչուի բեկորները, որոնք հարկավոր է ականազերծել։ Այդ պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է կայացվել տարհանել հարևան հինգ շենքերի բնակիչներին», – գրել է Վորոբյովը Telegram-ում։
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման պատճառով «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդավակայաններում տեղական ժամանակով ժամը 1:30-ից սահմանափակվել է ինքնաթիռների մեկնումն ու ընդունումը, սակայն առավոտյան 8:00-ից սահմանափակումները հանվել են։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն իրենց հերթին հայտնել են, որ գիշերը խոցել են երկրի վրա արձակված 46 ԱԹՍ-ներից 38-ը։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական ուժերը հարված են հասցրել նաև «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և «Խ-31Պ» հակառադիոլոկացիոն հրթիռով։