Եթե երկրի պաշտպանության նախարարը մեկնում է այլ երկիր, ապա պատճառն առնվազն երկուսն է: Առաջինն այդ երկրի հետ ռազմական համագործակցություն զարգացնելն է, երկրորդը՝ ռազմական տեխնիկայի հանդեպ հետաքրքրությունը՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պակիկյան Հարավային Կորեա այցի առնչությամբ գրել է Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն:
Նրա գնահատմամբ, քանի որ հեռավոր Հարավային Կորեայի հետ Հայաստանի ռազմական համագործակցության հավանականությունը նվազ է, նշանակում է «Երեւանը հետաքրքրություն է ցուցաբերում այդ երկրի ռազմական տեխնիկայի նկատմամբ»:
Ադրբեջանցի քաղաքագետը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Հարավային Կորեա է այցելել իր երկրի ռազմական արդյունաբերության նախարարը եւ ասում, որ Ադրբեջանը պետք է Հայաստանից առաջ անցնի։ «Ատլաս» կենտրոնը գործում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ուղղակի ֆինանսավորմամբ եւ քաղաքական ուղղորդմամբ։
Պաշտպանության նախարար Պապիկյանի Հարավային Կորեա այցն, իհարկե, համադարման չէ, եւ չկա երաշխիք, որ ամեն ինչ հաջողությամբ է պսակվելու, եւ վաղը կամ մյուս օրը հարավ-կորեական սպառազինությունը հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության է կանգնելու։
Մենք չենք կարող պնդել, որ Ադրբեջանը Հարավային Կորեայի հետ սպառազինությունների ձեռքբերման հարցում Հայաստանից ուշացել է։ Ադրբեջանցի քաղաքագետը նաեւ հայ հանրությանը ապակողմնորոշելու խնդիր ունի։
Էական է, որ Հայաստանը «հեռավոր» Հարավային Կորեայի հետ ռազմա-անվտանգային հարցերում կոմունիկացիա է հաստատում մի փուլում, երբ Ադրբեջանը միջազգային հարթակներից խոսում է Հայաստանի «ապառազմականացման անհրաժեշտության» մասին:
Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ Հարավային Կորեան նորագույն տեխնոլոգիաների երկիր է, արտադրում է արդիական զինատեսակներ, տարեկան 15 միլիարդ դոլարի սպառազինություններ է արտահանում եւ զենքի համաշխարհային շուկայում ութերորդ պետությունն է։
Նման երկրի հետ շփումն արդեն իսկ արտաքին քաղաքական ռեսուրս է, որ կարող է վերաճել անվտանգայինի։ Գերխնդիրը, որ Բաքվին անհանգստացնում է, հենց դա է։ Եթե պատկերավոր ասենք, ապա Հայաստանը մեծ difficulty-ով, բայց փորձում է հաղթահարել Երեւանի «Կորեայի ձորի», կամ ինչպես ղարաբաղցին է ասում՝ «Կորեայի որբի» բարդույթը։
Դա չափազանց բարդ, ռիսկաշատ, երբեմն անհնար թվացող, բայց հաստատ «տեղում քայլով մարշ»-ից նախընտրելի գործընթաց է։