Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության արտգործնախարարը հայտարարել է, որ ՌԴ-ն հայտնել է սեպտըեմբերի 1-ից Աբխազիայի բյուջետային ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Այդ հարցին անդրադարձել է նաեւ Վրաստանի վարչապետը, ասելով, որ դա հետաքրքիր գործընթաց է: Նա նշել է, թե չի ուզում մեկնաբանել ավելին: Գործընթացը իրապես հետաքրքիր է, հատկապես հաշվի առնելով այն, որ շաբաթներ առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան էր հայտարարել, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Թբիլիսիի եւ Սուխումիի ու Ցխինվալի միջեւ երկխոսությանը: Վրաստանը մոտենում է խորհրդարանի բավականին բախտորոշ ընտրական գործընթացի, որը ըստ էության հասունանում է կամ-կամ տրամաբանությամբ:
Այդ գործընթացի աշխարհաքաղաքական ասպեկտը այլեւս կարծես թե չի էլ թաքցվում: Ռուսաստանը հայտարարում է, որ Արեւմուտքը պատրաստում է այնտեղ գունավոր հեղափոխություն, բայց իրենք անելու են անհրաժեշտը թույլ չտալու համար: Վրաստանի ԵՄ անդամության գործընթացը ըստ էության կասեցվել է մի քանի օրենքների ընդունումից հետո, որոնց միջոցով Վրացական երազանքը փորձել է ամրապնդել իր դիրքերը խորհրդարանի ընտրությունից առաջ: Չի բացառվում, որ Աբխազիայի հարցում որոշակկի բազմիմաստ քայլերով Ռուսաստանը փորձում է աջակցել Վրացական երազանքին, որպեսզի այն պահի դիրքերն ու պահպանի այն քաղաքականությունը, որը միտված է Ռուսաստանի հետ հակադրությունից խուսափելուն: Աբխազիայի ուղղությամբ «հետաքրքիր քայլերով» Մոսկվան կարող է առնվազն ստեղծել մտայնություն, կամ տալ մտայնության առիթ, որ Ռուսաստանի հետ երկխոսությամբ, ՌԴ հանդեպ հավասարակշռված քաղաքականությամբ Թբիլիսին ի զորու է «վերադարձնել» Աբխազիան եւ Հարավային Օսիան:
Իհարկե, թերեւս խոսք կարող է լինել այսպես ասած կոնֆեդերատիվ սկզբունքով վերադարձի մասին, սակայն բոլոր դեպքերում բավականին նկատելի է, որ հարցը արդեն իսկ կարծես թե դառնում է նախընտրական խաղաքարտ Վրաստանի կառավարող ուժի համար: Այստեղ գլխավոր հարցը, որ կարող է իհարկե հետաքրքրել նաեւ Հայաստանին, այն է, թե գործընթացը որքանով կարող է ունենալ երկարաժամկետ ծավալման իրատեսական հնարավորություն, այդ կերպ բացելով Վրաստան-Ռուսաստան լոգիստիկ հաղորդակցության նոր ուղիներ, որոնք բնականաբար հիմնավորապես կփոխեն Կովկասի աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական իրողությունների տրամաբանությունը, այդ թվում Հայաստանի շուրջ: Ադրբեջանի հետ ռազմավարական պայմանավորվածությունների դիմաց Լեռնային Ղարաբաղը Բաքվին թողնելուց հետո, Ռուսաստանը նույն տրամաբանությունը գործի կդնի՞ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում՝ Վրաստանի հետ ռազմավարական պայմանավորվածությունների համար: