Օգոստոսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարագավան բնակավայրի ղեկավարի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ ժամը 16։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչներ 28-ամյա Կալին Մանուչարյանը և 28-ամյա Դավիթ Կարապետյանը գնացել են Վարագավան բնակավայրի վարչական ղեկավար, 42-ամյա Արմեն Աբրահամյանի աշխատավայր, մտել նրա աշխատասենյակ և կենցաղային հարցերի շուրջ Կ․ Մանուչարյանն սկսել է զրուցել վարչական ղեկավարի հետ, որն այնուհետև վերածվել է վիճաբանության։
Կ․ Մանուչարյանը հայտնել է, որ գյուղի տերերն իրենք են ու սկսել է հայհոյանքներ հնչեցնել Ա․ Աբրահամյանի հասցեին, հարձակվել նրա վրա և հարվածներ հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել փախուստի։
Աբրահամյանն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով դեպի Վարագավանի միջնակարգ դպրոցի ուղղությամբ հետապնդել է նրան, այդ ընթացքում դպրոցին հարակից տարածքում Բերդ-Վարագավան ավտոճանապարհին վերջինս մեքենայի առջևն իր կողմից վարվող Mercedes մակնիշի ավտոմեքենայով փակել է Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Միրզոյանը և Կ․ Մանուչարյանի հորեղբայրը, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Մանուչարյանը, ով ուղևորի նստատեղից իջել է ձեռքին ունենալով ինքնաձիք, սկսել է հայհոյանքներ հնչեցնել Վարագավանի վարչական ղեկավարի հասցեին, որ կսպանի, ապա մարտական դիրքի է բերել ինքնաձիգը։
Նրանց և Ա․ Աբրահամյանի միջև սկսվել է փոխադարձ ծեծկռտուք, որի ընթացքում վարչական ղեկավարին հաջողվել է Ա․ Մանուչարյանի ձեռքից խլել ինքնաձիգը, որից հետո Ա․ Մանուչարյանը դանակով փորձել է հարվածել Ա․ Աբրահամյանին, որը նրան չի հաջողվել և Կ․ Միրզոյանը Mercedes-ով դիմել է փախուստի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Կ․ Մանուչարյանին, Ա․ Մանուչարյանին և Կ․ Միրզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ինքնաձիգը ոստիկանները ներկայացրել են քննիչին։