Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների խորհրդատվական վեցերորդ հանդիպումից հետո ստացվել է երկու ուշագրավ տեղեկություն։ Առաջինը՝ Պակիստանից, որտեղ, ինչպես հաղորդում են աղբյուրները, էթնիկ բելուջները «մի քանի հարձակումներ են գործել Չինաստանի կողմից կառուցվող ենթակառուցվածքների վրա»։
Ֆորմալ առումով, բելուջները բողոքում են, որ չինական ընկերությունները «նրանց նույնիսկ սևագործ աշխատանքի չեն ընդունում»։ Աշխատանքներն իրականացնում են չինացի մասնագետներն ու բանվորները։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ Պեկինից պատվիրակություն է մեկնել Իսլամաբադ՝ «կարգավորելու չինացի մասնագետների և բանվորների անվտանգության հարցը»։
Երկրորդ տեղեկությունը հաղորդել է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ղազախական ծառայությունը։ Ըստ այդմ, վերջին մի քանի օրերին Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի կենտրոն Ուրումչիում և այլ քաղաքներում «ավելի քան երկու տասնյակ ղազախ մտավորականներ են ձերբակալվել»։ Ռադիոկայանի տեղեկություններով, նրանք «լրագրողներ են, գիտնական-մանկավարժներ, ազգագրագետ-հետազոտողներ»։
Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի բնակչության գրեթե կեսը կազմում են էթնիկ ույղուրները, որոնք թուրքական ծագում ունեն։ 2021 թվականի մարդահամարի տվյալներով, ինքնավար շրջանում բնակվում է շուրջ մեկուկես միլիոն ղազախ, իսկ մոտ 250 հազար ույղուր բնակվում է Ղազախստանում։
Չինաստանի այդ շրջանում ույղուրական անջատողականությունը մշտապես իրեն զգացնել է տալիս։ Այդ տրամադրությունները չեզոքացնելու համար կենտրոնական կառավարությունը հսկայական ներդրումներ է կատարում և միաժամանակ խրախուսում չինացիների վերաբնակեցումը։ Տևական ժամանակ ույղուրների «ինքնորոշման» թեման քննարկվել է Թուրքիայի և Չինաստանի հարաբերություններում։
Որոշ տեղեկություններով՝ Ղազախստանում պետական հեղաշրջման փորձին ներգրավվել են ույղուրական խմբավորումներ։ Մամուլում շրջանառվել է, որ Չինաստանի և Ղազախստանի ույղուրներն ունեն տարածաշրջանում «Թուրքեստան» պետություն հռչակելու նպատակ։ Հավանական է, որ ձերբակալված ղազախ մտավորականները կապ ունեն ույղուրական անջատողական շարժման հետ։
Որքան էլ Ղազախստանի իշխանությունները դեմ լինեն «Թուրքեստան» նախագծին, եթե Չինաստանում ձերբակալված ավելի քան երկու տասնյակ ղազախներն ունեն ղազախստանյան քաղաքացիություն, ապա Աստանան ստիպված է լինելու զբաղվել նրանց հարցով։ Իսկ դա Չինաստանի հետ հարաբերություններում խնդիրներ է առաջացնելու։
Ըստ երևույթին, Կենտրոնական Ասիայում արմատական շահեր ունեցող մի դերակատար փորձում է Չինաստան-Ղազախստան հարաբերություններում լարվածություն ստեղծել։ Չինաստանը մի քանի անգամ Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում անջատողականության դեմ պատժիչ գործողություններ է իրականացրել։ Բացառված չէ, որ ձերբակալված ղազախստանցիներից ոմանք էթնիկ ույղուր են։
Կենտրոնական Ասիայի ներքին ինտեգրացիան, մասնավորապես մեկ միասնական, անբաժանելի անվտանգային տարածություն ստեղծելու ծրագիրը հակասում է Թուրքիայի «Միասնական Թուրան» ստեղծելու նպատակին։ Ադրբեջանի նախագահ Ալիևը Աստանայում փորձել է ակտուալացնել 5+1՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան ինտեգրացիայի թեման, բայց, ինչպես երևում է, աջակցություն չի ստացել։