Հնդկաստանը տոնում է իր անկախության 78-րդ տարեդարձը: Անկախությունից 78 տարի անց Դելին հավակնում է լինել աշխարհակարգային վերափոխման գործընթացնների առանցքային մասնակիցներից մեկը, եւ դա այսօր մի հանգամանք է, որը էական նշանակություն է ստացել նաեւ Հայաստանի համար: Միջազգային մամուլի տեղեկություններով, Հնդկաստանի վարչապետ Մոդին պատրաստվում է այցելել Վարշավա, իսկ այնտեղից էլ Կիեւ:
Մոդիի Կիեւ հնարավոր այցի մասին սկսեցին խոսել հուլիսի 8-ին Մոսկվա կատարած նրա այցից հետո: Ինչպես այդ առննչությամբ առիթ եմ ունեցել արդեն գրելու, Մոսկվայից հետո Մոդիի Կիեւ այցը մի կողմից նպատակ ունի ընդգծել Հնդկաստանի՝ համաշխարհային տուրբուլենտության պայմաններում բալանս պահելու եւ սեփական դերակատարումն ու սուբյեկտությունն այդպիսով ընդգծելու հանգամանքը, մյուս կողմից նաեւ հետ չմնալ մասնավորապես Չինաստանի հետ մրցակցությունից, ինչը Դելիի համար ռազմավարական նշանակություն ունի եվրասիական ռեգիոնի տնտեսա-քաղաքական եւ անվտանգային ճարտարապետության հեռանկարների իմաստով:
Այժմ խոսվում է, որ Մոդին կարող է այցելել նաեւ Վարշավա: Եթե տեղի ունենա այդ այցը, ապա դա կլինի 1979 թվականից ի վեր Հնդկաստանի առաջնորդի առաջին այցը Լեհաստան: Սա կարող է տալ հետաքրքիր դիտարկումների առիթ, թեեւ պետք է սպասել, թե արդյո՞ք կլինի պաշտոնական հաստատում:
Միեւնույն ժամանակ, հարկ է նկատել նաեւ, որ այս օրերին զուգահեռ բավականին լարված է Հնդկաստանի անմիջական հարեւանությամբ՝ Բանգլադեշում, որը ըստ էության Հնդկաստանի աջակցությամբ ձեւավորված պետական կազմավորում լինելով, այսօր հեղաշրջման հետեւանքով կարող է հայտնվել Հնդկաստանի «քթի տակ» լարվածության օջախի կարգավիճակում, հատկապես, եթե Պակիստանը որոշի խաղալ այդ օջախի վրա:
Ընդ որում, չի բացառվում, որ Պակիստանին կարող են այդ խաղի հարցում «խնդրել» կամ համոզել Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք բոլորովին ոգեւորված չեն Կովկասի ուղղությամբ Հնդկաստանի հետաքրքրվածության նկատելի աճով, որ տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից հետո: Իրադարձությունների այդպիսի զարգացումն ինչպես կազդի Հնդկաստանի աշխարհաքաղաքական կենսունակության վրա, միարժեք ասելը բարդ է, սակայն սրանք հարցեր են, որոնք պետք է լինեն Երեւանի անմիջական հետաքրքրության եւ ուշադրության առարկա, նվազագույնը հաշվի առնելով այն, որ Հնդկաստանը կարծես թե հավակնում է լինել Հայաստանի առանցքային ռազմա-տեխնիկական գործընկեր:
Միեւնույն ժամանակ, բավականին համադրելիության ներուժ կա աշխարհտնտեսական եւ աշխարհաքաղաքական հետաքրքրությունների առավել ընդգրկուն շրջանակի իմաստով: Այդ պայմաններում, թերեւս հետաքրքիր է, թե արդյո՞ք չի քննարկվում երկկողմ բարձր մակարդակի հանդիպման հնարավորությունը: Շաբաթներ առաջ շնորհավորելով Հնդկաստանի վարչապետին խորհրդարանի ընտրությանը տարած հաղթանակի եւ վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը հույս էր հայտնել, որ կլինի երկկողմ հանդիպմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարեւոր հարցերը քննարկելու հնարավորություն: Երեւանն ու Դելին գործնականացնու՞մ են այդ հույսը, պատրաստու՞մ են երկկողմ հանդիպում, ինչը թերեւս հասունացած ու պահանջված է միջազգային նոր իրողությունների համատեքստում: