«Այնուամենայնիվ, հուսով ենք, որ մեր պատասխանը կլինի ժամանակին և կյանքի կկոչվի այնպես, որ չի խոչընդոտի պոտենցիալ զինադադարին»: Սա հատված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության հայտարարությունից, որը վերաբերում է ՀԱՄԱՍ քաղաքական առաջնորդի սպանության համար Իրանի պատասխան հարվածին: Իրանի ներկայացուցչությունը հիշեցնում է, որ Իրանը ՄԱԿ կանոնադրության համաձայն ունի պատասխանի իրավունք:
Իրանի պատասխանի իրավունքը գործնականում անվիճելի է, սակայն բավականին տարօրինակ է հայտարարությունը, որ անում է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը: Ի՞նչ է նշանակում «լինել հուսով», որ պատասխան հարվածը կլինի ժամանակին: Չէ՞ որ այդ հարված հասցնողը լինելու է հենց Իրանը, այն Իրանը, որի մշտական ներկայացուցչությունը «հույս» է հայտնում, որ հարվածը կլինի ժամանակին եւ չի խանգարի Գազայում հրադադարի շուրջ համաձայնություններին: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը «հուսով» է, որ Թեհրանում Գերագույն իշխանությունը չի՞ ուշացնի հարվածի վերաբերյալ որոշումը, թե՞ այդ որոշումը լոկ Իրանի գերագույն իշխանության տիրույթում չէ, այլ գուցե միջազգային բանակցությունների, որ ընթանում են այդ հարվածի վերաբերյալ:
Իսկ դրանք ընթանում են կարծես թե նվազագույնը երեք խաղացողների շրջանակով՝ Ռուսաստան-Իրան եւ Իրան-ԱՄՆ: Ընդ որում, գուցե պետք չէ բացառել նաեւ Ռուսաստան-ԱՄՆ շփումները: Ռոյթերզ գործակալությունն օրերս հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Պուտինը Թեհրան մեկնած Շոյգուի միջոցով Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդին խնդրել էԻսրայելին պատասխանի հարցում լինել զուսպ, որպեսզի չբռնկվի ռեգիոնալ մեծ պատերազմ: Քուվեյթի Ալ Ջարիդա պարբերականը օրերս հրապարակեց տեղեկություն, որը մինչ այժմ չի հերքվել, որ Օմանի միջնորդությամբ Իրան է ժամանել ամերիկյան պատվիրակություն եւ Թեհրանում քննարկվել է Իրանի պատասխան հարվածի հարցը եւ ԱՄՆ եւս հորդորել է չտրվել Նաթանյահուի խաղին եւ չդառնալ մեծ պատերազմի բռնկման պատճառ:
Ըստ ամենայնի, դատելով նաեւ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության տարածած հայտարարությունից, Իրան-ԱՄՆ-ՌԴ տիրույթում ուղղակի, թե անուղղակի ձեւով քննարկվում են իրանյան հարվածի մանրամասները, կամ այլ կերպ ասած՝ համաձայնեցվում է պատասխան հարվածի այնպիսի մասշտաբ, որը կապահովի Իրանի վարկի, կպահի Իրանի դեմքը, միեւնույն ժամանակ կլինի Հանիայի սպանության հանգամանքին պատասխանի համարժեք, մյուս կողմից չի դառնա ռեգիոնալ մեծ պատերազմի կայծ: Չի բացառվում, որ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության հայտարարությունը ակնարկ էր, որ Իրանի համբերությունն այդ քննարկումներում անսպառ չէ եւ Թեհրանը կարող է ի վերջո կայացնել որոշում, եթե շատ ձգվի այդ քննարկումների ժամանակը: