Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել է Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների վեցերորդ խորհրդատվական հանդիպմանը: Բաքվի իշխանական լրատվամիջոցը հայտնում է, որ նա այդ նիստին ելույթ է ունեցել եւ խոսել Կենտրոնական Ասիա-Ադրբեջան «պատմա-քաղաքակրթական ընդհանուր տարածքի» մասին: Ալիեւը Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդներին հորդորել է Ադրբեջանի հետ «անվտանգային համագործակցություն սկսել»:
Tengrinews-ը, որ «երեւում է» Ղազախստանի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած լրատվամիջոց է, Ալիեւի ելույթի մասին տեղեկություն չի փոխանցել: Նիստի պաշտոնական բացման լուսանկարում Իլհամ Ալիեւը կլոր սեղանի շուրջ չկա:
Ղազախստանի նախագահ Տոկաեւը գործընկերներին կոչ է արել «բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Կենտրոնական Ասիան մնա անվտանգության, համագործակցության եւ բարգավաճման տարածություն»: Ղազախստանի նախագահն, այսպիսով, առաջադրել է Կենտրոնական Ասիայի ներքին ինտեգրացիայի խնդիրը: Այս իմաստով Կենտրոնական Ասիա-Ադրբեջան անվտանգային համակարգի մասին Իլհամ Ալիեւի դիտարկումն ակնհայտ դիսոնանս է:
Ալիեւն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի առանձին երկրների միջեւ ռազմավարական համագործակցությանը, կարեւորել Բաքու-Կարս երկաթուղու, Ալյաթ նավահանգստի դերը: Կարծես թե գործ ունենք իրավիճակի հետ, երբ նա Կենտրոնական Ասիայի ներքին ինտեգրացիայի արդյունավետությունը պայմանավորում է Ադրբեջանի «կամեցողությամբ»:
Բայց ո՞վ կարող է պնդել, որ ինտեգրված Կենտրոնական Ասիան արտաքին աշխարհ ասելով հասկանում է միայն Եվրոպան կամ Եվրոպայի հետ ապրանքաշրջանառության միակ հաղորդուղին «միջին միջանցքն» է: Աստանան սպասում է Ճապոնիայի վարչապետին, մինչ այդ հյուրընկալել է Հարավային Կորեայի նախագահին:
Տոկաեւը կարեւորել է Կենտրոնական Ասիայի լոգիստիկայի արդիականացումը՝ շեշտելով դեպի Հնդկական օվկիանոս ելքի ռազմավարական նշանակությունը: Այս առումով Ալիեւի Աստանա այցից տպավորություն է ստացվում, թե նա այնտեղ հանդես է եկել որպես երրորդ երկրի պատվիրակ: Մի քանի օր առաջ նա հյուրընկալել է ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուին, փոխարտգործնախարար Գալուզինին, նախագահի օգնական Լեւիտինին:
Կենտրոնական Ասիայում մեկ-միասնական, անբաժանելի անվտանգային տարածություն ձեւավորելու տոկաեւյան գաղափարը փաստացի ՀԱՊԿ-ի լուծարման քաղաքական անոնս է: Արդյոք Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի հետ ռազմավարական համագորխակցության միջոցով ազդեցությու՞ն պահպանել Կենտրոնական Ասիայում:
Հնարավոր է՝ Ալիեւը փոքր-ինչ մեղմ ձեւակերպումներով հիշեցրել է, որ Կենտրոնական Ասիայի չորս երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը, Թուրքական պետությունների կազմակերպության անդամ են եւ Թուրքիայի հետ կապված են «Թուրանի բանակ» ստեղծելու ոչ ինստիտուցիոնալ, բայց քաղաքական առումով ձեւակերպված պարտավորությամբ:
«Թուրքական աշխարհի» ռազմա-քաղաքական, տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագրերից Կենտրոնական Ասիայի «սեցեսիան» շրջագույն խնդիր է: Տոկաեւը չափազանց համարձակ նախաձեռնություն է ցուցաբերել, որ հեռանկար կունենա, եթե թիկունքային ծանրակշիռ աջակցություն ստանա: Բայց հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը «խառնակեն»: Թույլ օղակ է հատկապես Ղրղզստանը: