Հայաստանի ու Եվրամիության միջեւ բանակցությունը առնչություն չունի ԵՄ անդամության թեկնածության հեռանկարի հետ եւ տեղավորվում է Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագրի շրջանակում: Այդ մասին Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատարի խոսնակ Պիտեր Ստանոն, նշելով, որ ներկայիս բանակցությունը համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակում հարաբերությունն առավել խորացնելու համար է:
Ըստ ստանոյի, բանակցության միջոցով փորձ է արվում պարզել, թե որքան պորը կարող են գնալ կողները: Հայաստանը ԵՄ հետ հարաբերության խորացման իր մոտեցումը ձեւակերպել է Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթում, որ հնչեց Եվրախորհրադարանի ամբիոնից: Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է Եվրամիության հետ մերձենալ այնքան, որքան պատրաստ է մերձենալ Եվրամիությունը: Հայաստանի վարչապետն այդպիսով պատասխանատվության ծանրությունն ըստ էության տեղափոխեց Եվրամիության դաշտ: Եվրամիության կոնկրետ պատասխան այդ առումով հնչեց Երեւանում, Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի այցի ընթացքում, երբ հարցին, թե որքան է պատրաստ մերձենալ Եվրամիությունը, ԵՄ առաջատար երկրներից մեկի արտգործնախարարը հայտարարեց, որ այժմ առաջնահերթը Հայաստան-Ադրբեջան խաղաղության հասնելն է, որից հետո ԵՄ-ն կարող է ավելի խորացնել գործակցությունը ռեգիոնի հետ ընդհանրապես:
Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարի առոըւմով սա ըստ էության էքզիստենցիալ հարց է՝ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերության հեռանկարը դիտարկում է «անկա՞խ» Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հեռանկարից, թե՞ ոչ: Դատելով առկա իրողություններից, այդ թվում ԵՄ-Ադրբեջան հարաբերության տիրույթում, Եվրամիությունը Կովկասի վերաբերյալ հարցերը դիտարկում է գերազանցապես փաթեթով, եթե խոսքը վերաբերում է ռազմավարությանը: Տվյալ պարագայում հարցն այն է, թե Հայաստանը որքան տարածություն կարող է բացել մարտավարական իմաստով՝ ԵՄ հետ հարաբերության ընդլայնման համար:
Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին 2017-ի նոյեմբերին, այդ իմաստով իրապես բավականին արժեքավոր մարտավարական գործիք է, հատկապես այն առումով, որ գործնականում այն ունի օրենքի ուժ թե Հայաստանի, թե Եվրամիության համար: Ներկայումս Հայաստանի գլխավոր առաջադրանքը թերեւս այդ գործիքի առավելագույնս արդյունավետ բանեցումն է, հաշվի առնելով հենց այն, որ դրա առկայությունը գետնի վրա գոյություն ունեցող իրավա-քաղաքական իրողություն է, փոխադարձ պատասխանատվության հստակ սահմանումներով: