Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը կողմնակից է ռեգիոնում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն դա պետք է լինի պետությունների ինքնիշխանության ներքո: Այդպես է նա պատասխանել հարցին, թե Իրանն ինչպես է վերաբերում այն փաստին, որ Երեւանն ու Բաքուն համաձայնել են հանել ճանապարհների հարցը խաղաղության պայմանագրից: Իրանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ, ինչը սակայն թերեւս ենթադրում է որոշակի խորություն, որի մասին Թեհրանը չի մանրամասնում հասկանալիորեն: Խոշոր հաշվով, ճանապարհների ապաշրջափակումը՝ թեկկուզ երկրների լիակատար սուվերենության ներքո, Իրանի համար այնքան էլ շահեկան չէ, եթե համեմատենք ներկայիս իրավիճակի հետ:
Ներկայիս իրավիճակում, Ադրբեջանի եւ Նախիջեւանի ցամաքային կապի մենաշնորհը ըստ էության Իրանինն է: Իհարկե, կա Վրաստանի ճանապարհը, ինչը բազմակի ավելի երկար է եւ ըստ էության պտույտ է ամբողջ Կովկասով, այն դեպքում, երբ Իրանի տարածքով կապի պարագայում խոսքը տասնյակ կիլոմետրերի մասին է: Այդ հանգամանքը Իրանի համար թեկուզ անուղղակի, բայց լծակ է Ադրբեջանի հանդեպ: Նաեւ ինչ որ իմաստով Թուրքիայի հանդեպ: Երբ բացվում են Հայաստանով անցնող ճանապարհները, Իրանը զգալիորեն կորցնում է իր «մենաշնորհը» կամ «գերիշխող դիրքը», հետեւաբար նաեւ քաղաքական ազդեցությունը: Բնական է, որ Իրանը դա չի անի գոհունակությամբ:
Միաժամանակ սակայն, պարզ է, որ չի էլ արտահայտվի ամբողջությամբ: Ավելորդ է խոսել այն մասին, երբ դիտարկենք որեւէ «միջանցքային» տրամաբանություն, որի անընդունելիության մասին Թեհհրանն արտահայտվում է արդեն միանգամայն բաց տեքստով: Ճանապարհների այսպես ասած լիարժեք ինքնիշխան տրամաբանությամբ ապաշրջափակումը հետաքրքիր չէ Բաքվի համար, ըստ էության նաեւ Անկարայի: Իհարկե, եթե դեմ դիմաց մնան Բաքուն, Անկարան ու Երեւանը, ապա Բաքուն եւ Անկարան լիարժեք ինքնիշխանությունը կարող են համարել ընդունելի տարբերակ, քանի որ այդ ռեժիմը իրենց համար միանգամայն յուրացնելի է փափուկ ուժի եւ դեմոգրաֆիայի միջոցով նվազագույնը, եթե բանն անգամ չհասնի կոշտ ուժին կամ ռազմական ուժին: Բայց, նրանք իհարկե պատկերացնում են, որ գործնական մակարդակում, իրական քաղաքականության ռեժիմում հնարավոր չէ, որ մնան միայն Երեւանը, Բաքուն ու Անկարան: Ըստ այդմ, «լիարժեք ինքնիշխանության» ռեժիմն այն չէ, ինչը կարող է ընդունելի լինել նրանց համար:
Միեւնույն ժամանակ, սակայն, հարկ է նկատել, որ լիարժեք ինքնիշխանության ռեժիմը ընդունելի չէ Կովկասով անցնող կարեւորագույն այդ ճանապարհների շահառու եւ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի համար, եւ Իրանն իր ենթատեքստային շահերով այստեղ բացառություն չէ: Հետեւաբար, այդ ռեժիմի օրակարգայնացումը եւ առաջմղումը գերազանցապես Հայաստանի խնդիրն է, որովհետեւ Հայաստանին մի կողմից անհրաժեշտ է ճանապարհների գործարկման կառուցողական դիրքավորում, մյուս կողմից՝ ինքնիշխանության ռեժիմի ապահովում: Իսկ այդ ռեժիմի գործնական օրակարգայնացումն ու առաջմղումը խոշոր հաշվով հնարավոր է միայն Հայաստանի ներքին կենսունակության աստիճանը շոշափելիորեն բարձրացնելու շնորհիվ: