Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկել է Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղի նորակառույց մանկապարտեզը։
Կարեն Սարգսյանը շրջել է շինհրապարակում, զրուցել է շինարարների հետ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, նկատված թերությունների շուրջ արեց դիտողություններ և առաջարկություններ, որոնց վերացման շուրջ տվեց համապատասխան հանձնարարականներ։
Մարզպետը միաժամանակ հրահանգել է անել հնարավորը, որպեսզի կառույցը շահագործման հանձնվի սահմանված ժամկետներում և պահանջվող որակին համապատասխան։
Աստղաձորի 144 տեղանոց մսուր-մանկապարտեզի շենքի կառուցումն իրականացվում է պետբյուջեի միջոցներով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ դրամ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի նոյեմբերից և կավարտվեն 2024 թվականի դեկտեմբերին։ Այս պահի դրությամբ շինաշխատանքներն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։
Ծրագրի ավարտից հետո Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղն իր պատմության մեջ առաջին անգամ կունենա մանկապարտեզ՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։