Միջազգային ուշադրությունը շարունակում է իրան-իսրայելյան «սպասումից» որոշակիորեն կտրված լինել ՌԴ Կուրսկի մարզի ուղղությամբ, որտեղ իրավիճակը անսպասելի սրվել է օգոստոսի 6-ի լուսադեմին ուկրաինական ճեղքման հետեւանքով: Ուկրաինացիները կարողացել են խորանալ մի քանի կմ եւ գրավել մասնավորապես Սուջա բնակավայրը: Իսկ սա սովորական բնակավայր չէ, այնտեղ է գազային հանգույցը, որով ռուսական գազը մատակարարվում է Ուկրաինա եւ տարանցիկ խողովակով՝ Եվրոպա: Այդ հանգույցը, այլ կերպ ասած՝ գազի փականը, հայտնվել է ուկրաինական ստորաբաժանման ձեռքում: Բավականին հակասական են տվյալները, թե ի վերջո ինչ թվաքանակի զորամիավորում է անցել ՌԴ սահմանը:
Սա էական է, հասկանալու համար, թե ուկրաինական ստորաբաժանումները որքան կարողեն պահել Սուջան, այսինքն՝ Ուկրաինայի տարածքով Եվրոպա մատակարարվող գազի փականը: Իհարկե կասկած չկա, որ ռուսները բնակավայրը ազատելու որոշում կայացնելու դեպքում կանեն դա, բայց այդ դեպքում՝ մեղմ ասած «փականը վնասելու» գնով: Կգնա՞ն դրան: Սա մի հարց է, սակայն մյուս, ավելի կարեւոր հարցն այն է, թե ինչու՞ չի ապահովվել այդ իսկապես ռազմավարական նշանակության օբյեկտի բավարար պաշտպանվածություն: Չե՞ն մտածել, որ կարող էր տեղի ունենալ այդպիսի բլից-կրիգ: Համարել են, որ Ուկրաինան չի՞ վնասի այն, ինչը նրան ապահովում է տարանցման եկամուտներ:
Սուջայի գազայյին հանգույցի գրավումը թերեւս միակ տրամաբաննական մոտիվն է, որ կա Կուրսկի ուղղությամբ ուկրաինական գրոհի առումով: Միակ այսպես ասած արժեքավոր մոտիվը, որ ունի կամ կարող է ոււնենալ ընդհուպ ռազմավարական, կամ առնվազն օպերատիվ-մարտավարական էական նշանակություն: Ըստ էության, հնարավոր է ասել, որ Կուրսկի ուղղությամբ բլից-կրիգը գազային պատերազմ է: Եվ հատկանշական է, որ այդ գազային պատերազմը ծավալվում է Եվրոպայի համար այսպես ասած ջեռուցման սեզոնի շեմին: Ըստ էության մեկ-երկու ամիս հետո Եվրոպան ընդհուպ մոտենում է ջեռուցման սեզոնին:
Ուկրաինայի տարածքով անցնում էր եվրոպական գազի մոտ 6 տոկոսը: Դա շոշափելի թիվ է: Ուկրաինայի տարածքով անցնող գազամուղով ռուսական գազ էին ստանում Ասվտրիան, Սլովակիան, Հունգարիան, Չեխիան: Հիմա նրանց մատակարարումը կասկածի տակ է: Հազիվ թե Սուջան վերցրած Ուկրաինան ապահովի գազի հոսքը դեպի Եվրոպա: Այլապես ո՞րն է վերցնելու իմաստը: Փաստացի, սա նշանակում է Եվրոպայում գազային թեկուզ փոքր, բայց շոշափելի ճգնաժամի առաջացում, միաժամանակ իհարկե իրավիճակի բավականին նուրբ քաղաքական շերտերով: Այստեղ ուշագրավ է այն, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի դեպի Եվրոպա մատակարարման պայմանագիրը լրանում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին:
Օրեր առաջ գերմանական Դոյչե Վելլեն գրել էր, որ Բրյուսելն ու Բեռլինը բանակցում են տարանցիկ գազ ստացող երկրների հետ, հետագա հնարավոր մատակարարումների շուրջ, դիտարկելով Գազպրոմի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը: Ուկրաինայի Նավթոգազ ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ կանի ամեն ինչ, որպեսզի շշարունակվի գործարքը, որն Ուկրաինայի համար ապահովում է փող, ինչն այդքան անհրաժեշտ է երկրին: Սակայն, այլ կարծիք է արտահայտել Ուկրաինայի էներգետիկայի նախարարը, որը Կիեւը որեւէ կերպ մտադիր չէ շարունակել 2024 թվականին ավարտվող պայմանագիրը:
Բլումբերգ գործակալությունը իօրեր առաջ հայտնել էր, որ Եվրամիությունը դիտարկում է ռուս-ուկրաինական այդ խողովակով ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու հնարավորությունը: Այդ քննարկումների առկայությունը հաստատել էր նաեւ Բաքուն: Այժմ, երբ Սուջայի հանգույցը հայտնվում է ուկրաինական զինուժի վերահսկողության տակ, ի՞նչ քննարկումներ կլինեն հնարավոր զարգացումների առնչությամբ, եւ ի՞նչ պայմաններ առաջ կքաշի Կիեւը, որքան կկարեւորի գազի մատակարարումը Մոսկվան, որը անցնող տարվա առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է իր նավթագազային եկամուտները: Ինչպես կմիջամտի այդ ամենին Վաշինգտոնը: