Ռուսաստանյան մի քանի թելեգրամ ալիքներ, որոնք, ինչպես իրազեկ աղբյուրներն են ակնարկում, գտնվում են Անվտանգության դաշնային ծառայության հսկողության ներքո, սենսացիոն տեղեկություն են տարածել։ Ըստ այդմ, Կուրսկի մարզ ուկրաինական զորամիավորման ներթափանցումից առնվազն երկու շաբաթ առաջ, Լենինգրադի զինվորական օկրուգի հետախուզության պետը ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովին անձամբ զեկուցել է ուկրաինական կողմում նոր խմբավորում ստեղծելու և հարձակման նախապատրաստման մասին։
Գերասիմովը, սակայն, այդ տեղեկությունները որակել է «հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվություն» և խորհուրդ է տվել «խուճապի չմատնվել»։ Ավելին, ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի հետ սահմանից զորքեր տեղափոխվեն Դոնբաս, որտեղ Ռուսաստանը մտադիր է մոտակա մեկ-երկու ամսվա ընթացքում «վերջնականապես կոտրել ուկրաինացիների դիմադրությունը և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատել»։
Կուրսկի ուղղությամբ ուկրաինական «ճեղքումը» տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Ռուսաստանի Քննչական կոմիտեն պաշտպանության նախարարության մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել։ Խոսքը տասնյակ միլիարդ ռուբլու յուրացումների, ստվերային գործարքների մասին է։ Ընդ որում, պաշտոնանկությունները և ձերբակալությունները սկսվել են ապրիլին՝ պաշտպանության նախարար Շոյգուի պաշտոնանկումից հետո։
ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովը միաժամանակ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է։ Հարուցված քրեական գործերը վերաբերում են հիմնականում բանակի մատակարարումներին, թիկունքային ապահովությանը և հանդերձավորմանը։ Ֆինանսական ահռելի ծախսերի հետ կապված գործարքները, կարելի է ենթադրել, կատարվել են ԳՇ պետի և պաշտպանության նախարարի իմացությամբ։
Ենթադրելի է, որ Քննչական կոմիտեն այդ գործում միայն մեղադրական եզրակացություն կազմողն է, բուն բացահայտումները արվել և արվում են, ենթադրաբար արվելու են հատուկ ծառայությունների, տվյալ դեպքում՝ Անվտանգության դաշնային ծառայության կողմից, որտեղ վերջին շրջանում, ըստ տեղեկությունների, սկսվել են «կադրային զտումներ»։
Ռուսաստանում, ինչպես ԽՍՀՄ-ում էր, հատուկ ծառայությունները և զինված ուժերը «պետության ներսում պետություն են»։ Քաղաքական որոշումների վրա նրանց ազդեցությունը չափազանց մեծ է, իսկ դա իր հերթին ենթադրում է ՊՆ-ԱԴԾ սուր մրցակցություն։ Կուրսկում խախտվել է Ռուսաստանի պետական սահմանը, որի պահպանության առաջին պատասխանատուն ԱԴԾ-ն է, և՝ ոչ միայն ուղղակի, այլև հետախուզական և հակահետախուզական ապահովության իմաստով։
Գլխավոր շտաբի պետ Գերասիմովի մասին տեղեկատվության տարածումը հուշում է, որ ԱԴԾ-ն նրա ուղղությամբ «տակառ է գլորում»։ Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակը չափազանց ծանր հարված է Ռուսաստանի նախագահի հեղինակությանը։ Մեկ տարի առաջ Պրիգոժինի դեպի Մոսկվա ռազմերթը գրեթե քաղաքական ճգնաժամի առիթ էր դարձել։
Այսօր Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ իրենց երկրում հարկադիր տեղահանված են։ Կարելի է միայն պատկերացնել, թե իրավիճակի կայունացումից հետո ինչ «գլուխներ են թռչելու»։ Ընդ որում, չնայած բարձր հեղինակությանը և պրոֆեսիոնալիզմին՝ ԳՇ պետ Գերասիմովին ռազմական լուրջ հաղթանակի հասնել չի հաջողվում արդեն երրորդ տարին։ Պուտինի նախագահ ընտրվելուց հետո մամուլում ակնարկներ արվեցին, որ «տարվա ընթացքում պաշտոնին հրաժեշտ կտա նաև ԱԴԾ 73-ամյա տնօրեն Բորտնիկովը»։ Ո՞վ է փակելու Կուրսկի «քաղաքական աղեղը»։ Իսկ որ լրջագույն հետևություններ արվելու են, կասկածել, կարծես թե, պետք չէ։ Հակառակ դեպքում հարկ կլինի արձանագրել, որ ուկրաինական պատերազմը «բիզնես-ծրագիր է»։