Անգլիայում միգրանտների և մուսուլմանների դեմ մի քանի օր շարունակվող անկարգությունների ֆոնին բազմաթիվ խոշոր քաղաքներում ռասիզմի դեմ բազմահազարանոց բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Sky News պարբերականը։
Մուսուլմանական համայնքները և ձախ քաղաքական ուժերը ռասիզմի դեմ ցույցեր են կազմակերպել Բիրմինգեմում, Բրայթոնում, Բրիսթոլում, Դերբիում, Լիվերպուլում, Լոնդոնում, Նյուքասլում, Օլդերշոթում, Սաութհեմփթոնում և Շեֆիլդում։ Նորթհեմփթոնում և Դուվրում մի քանի ցուցարարներ բերման են ենթարկվել հասարակական կարգի խախտման համար։
Զուգահեռաբար Անգլիայի որոշ քաղաքներում տեղի են ունեցել ազգայնականների բողոքի ցույցեր անվերահսկելի ներգաղթի դեմ։ Փլիմութում և Փորթսմութում ցուցարարները փորձել են փակել ճանապարհային երթևեկությունը, ինչի հետևանքով ձերբակալվել են ոստիկանության կողմից: Նաև հաղորդվում է Լոնդոնի հարավային Քրոյդոնի շրջանում ոստիկանության հետ ակտիվիստների բախումների մասին։ Բացի այդ, իրավապահները ցուցարարների նկատմամբ ուժ են կիրառել Բլեքփուլում։
Բողոքի ցույցերը Միացյալ Թագավորության տասնյակ քաղաքներում արդեն շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։ Խռովությունների առիթ է դարձել հուլիսի 29-ին Սաութփորթ քաղաքում երեխաներին թիրախավորող դանակահարությունը, որի հետևանքով երեք աղջիկ է զոհվել, ևս 8 երեխա և 2 չափահաս՝ վիրավորվել։ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ դանակահարությունն իրականացնող 17-ամյա երիտասարդի ծնողները Ռուանդայից են: