Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի «Զիարաթ» կոչվող տարածքում հուլիսին հիմնանորոգվել է անասունների խմելու ջրի ջրամբարը։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ջրամբարի հիմնանորոգման համար համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացվել է 1 մլն 350 հազար ՀՀ դրամ։
Խորհրդային տարիներին կառուցված ջրամբարը գտնվում էր անմխիթար վիճակում՝ վնասվել և քայքայվել էին պատերը, ինչի արդյունքում տեղի էր ունենում ջրի արտահոսք և կորուստ։
Հիմնանորոգման արդյունքում կատարվել է թեք տեղանքի ուղղում, պատերի բարձրացում, պատերին ձգվել են ցանցեր, կատարվել է սվաղ՝ ցեմենտավազե շաղախով։ Հատակը բետոնացվել է, իրականացվել են ջրամեկուսիչ քսանյութի աշխատանքներ, ինչի արդյունքում ապահովվել է ջրաանթափանցելիություն։
Ջրամբարի հիմնանորոգումը կարևոր է գյուղատնտեսական տեսանկյունից։