ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ չէ, որ իշխանության խաղաղ փոխանցում կլինի, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պարտվի նոյեմբերին կայանալիք ընտրություններում։ Բայդենը հիմնվում է այն բանի վրա, որ հանրապետական թեկնածու Թրամփը հայտարարել էր, որ ինքը կարող է պարտվել միայն այն դեպքում, եթե «ընտրությունները գողանան» իրենից։ Այս մասին Բայդենն ասել է CBS News-ին տված հարցազրույցում։
«Եթե Թրամփը հաղթի, ես ոչնչում վստահ չեմ։ Եթե Թրամփը պարտվի, ես ոչնչում վստահ չեմ։ Մենք նրան լուրջ չենք ընդունում, բայց նա ամենայն լրջությամբ է ասում, երբ ասում է, որ եթե իրենք պարտվեն, արյունահեղություն կլինի, դա կլինի գողացված ընտրություն», – ասել է Բայդենը։
Թրամփը մարտին հայտարարել էր, որ եթե պարտվի 2024 թ. նոյեմբերի ընտրություններում, ապա կլինի «արյունահեղություն» ԱՄՆ ավտոարդյունաբերության և երկրի համար։
Բայդենի ընտրարշավի թիմն արագ կենտրոնացավ այս հայտարարության վրա՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը քաղաքական բռնություններ է հրահրում։ Հուլիսին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին։