Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Շահումյան փողոցում այս տարվա հուլիսի կեսերից մեկնարկել և ընթանում են ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգման և մայթերի սալիկապատման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացավ Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։
Մարտունիի Շահումյան փողոցի մայթերի սալիկապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 98 մլն 200 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է երկկողմանի մայթերի սալիկապատում բազալտե սալիկներով՝ 1134 գծամետր երկարությամբ և 3170 քմ մակերեսով, բազալտե եզրաքարերի տեղադրում, ոռոգման ու ջրահեռացման համակարգերի կառուցում։
Մարտունիի Շահումյան փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 58 մլն 900 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի հատվածի ասֆալտապատում՝ 567 մետր երկարությամբ և 5790 քմ մակերեսով։
2024 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ Շահումյան փողոցում շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 35 տոկոսով։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։
Շինաշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։