Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում է անցկացրել Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղի միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակում։
Ինչպես տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանը շրջել է նորակառույց դպրոցի շենքում, զրուցել շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արել դիտողություններ և առաջարկություններ, դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ։
Ջիլի միջնակարգ դպրոցի 100 աշակերտի համար նախատեսված նոր շենքը կառուցվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ՝ պետական բյուջեի միջոցներով։
Դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի նոյեմբերի 15-ին։
2024 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են շուրջ 70 տոկոսով։
Նորակառույց դպրոցն ունենալու է մարզադահլիճ, նիստերի դահլիճ, մարզահրապարակ, համապատասխան դասասենյակներ, ճաշարան, խոհանոց։
Շինարարության մեջ հիմնականում ընդգրկված են տեղի բնակիչները։
Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 792 մլն դրամ։
Դպրոցի նոր շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականի դեկտեմբերին։