Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը ԱՄՆ նախագահի աշխատակազմում, պետական դեպարտամենտում, պաշտպանության նախարարությունում, ամերիկյան ուղեղային կենտրոններում հանդիպումներից հետո «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է, որ Բաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կարող ստորագրել, քանի դեռ Հայաստանի սահմանադրության նախաբանում փոփոխություն չի կատարված:
Այդ դիրքորոշումը նա բացատրել է այնպես, որ չկա երաշխիք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն այդ պայմանագիրը սահմանադրությանը ոչ համապատասխան կամ հաջորդ կառավարությունը չեղյալ չի ճանաչի, եթե ուժերի հարաբերակցություն փոխվի, եւ «ամեն ինչ նորից չի սկսվի»: Ամիրբեկովի դիտարկումներն ապրիորի անդրամաբանական են այն պարզ պատճառով, որ ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում Հայաստանի հաջորդ քաղաքական սերունդը կարող է բոլորովին նոր սահմանադրություն ընդունել:
Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը սահմանադրությանը ոչ համապատասխան չի ճանաչի հայ-ադրբեջանական պայմանագիրը կամ Իլհամ Ալիեւի հաջորդն այն չեղյալ չի հայտարարի: Չէ՞ որ Ադրբեջանի սահմանադրության նախաբանն էլ իր հերթին հղում է անում «Պետական անկախության վերականգնման մասին» 1991թ. հոկտեմբերի 18-ի ակտին, որի հոդված 2-ը սահմանում է. «Ադրբեջանական Հանրապետությունը հանդիսանում է 1918թ. մայիսի 28-ից մինչեւ 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդը»:
Իսկ այդ «պետության» հռչակման մասին Անդրկովկասյան Սեյմի մուսալմանական խմբակցության կողմից 1918թ. մայիսի 28-ին տարածած Հայտարարությունն ասում է, որ «Ադրբեջանը կազմված է Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասից»: Նախ, աբսուրդ է, որ պետություն է կազմավորվում մի տարածքի վրա, որն այդ պետության հետ անվանական որեւէ առնչություն չունի, երկրորդ՝ ոչ ոք չգիտի, չի կարող ասել, թե որն է Արեւելյան կամ Հարավային Անդրկովկասը:
Ուստի տրամաբանական չէ խոսել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջի էքզիստենցիալ սպառնալիքի» մասին այն դեպքում, երբ Ադրբեջանի սահմանադրությունն առհասարակ սպառնալիք է Հայաստանի ոչ միայն տարածքային ամբողջականությանը, այլեւ՝ պետականությանն ու Կովկասում հայ ժողովրդի քաղաքական ինքնությանը:
Ընդ որում, Ադրբեջանը հրաժարվել է ԱԴՀ հռչակման առանցքային սկզբունքից՝ ըստ որի, Ադրբեջանի տարածքի բոլոր ժողովուրդները «հանդիսանում են սուվերեն իրավունքի կրող»: Ադրբեջանի գործող սահմանադրությամբ իշխանության կրող ճանաչված է միայն ադրբեջանական ժողովուրդը: Նույն Հայտարարության վերջին կետով Ադրբեջանը պարտավորվում է իր տարածքի բոլոր ժողովուրդների համար ապահովել զարգացման ամենալայն հնարավորություն, սակայն գործող սահմանադրությամբ Ադրբեջանը վերածվել է ունիտար պետության:
Նման հարցերն, իհարկե, քաղաքական բանավեճի թեմա են, բայց երբ Բաքուն վկայակոչում է Հայաստանի սահմանադրության «խոչընդոտը» եւ առաջադրում այն «վերացնելու» նախապայման, պետք է փոխադարձել նույն սկզբունքով. Հայաստանը ոչ մի երաշխիք չունի, որ ստորագրված պայմանագիրը Բաքվում խորհրդարանական վավերացում կանցնի, կստորագրվի եւ ուժի մեջ կմտնի, իսկ դրանից հետո գերակա ուժ կունենա Ադրբեջանի ազգային օրենսդրության նկատմամբ: Այդ հիմնավոր կասկածները կարող են ցրվել, երբ Ադրբեջանը սահմանադրության նախաբանում փոփոխություն կկատարի եւ կստանձնիր Ադր. ԽՍՀ իրավահաջորդություն: Ի վերջո, իրականության մեջ այլ Ադրբեջան գոյություն չունի: Եթե, իհարկե, Բաքուն հայ-ադրբեջանական կարգավորումը չի ձգձգում աշխարհաքաղաքական հարմար պահի Հայաստանի դեմ նոր ագրեսիա սանձազերծելու համար: