Թուրքիան մտադիր է ստեղծել իր «Երկաթյա գմբեթը»՝ արհեստական բանականության հիմքով: Այդ հարցը քննարկվել է ռազմաարդյունաբերական գործկոմի նիստում, որը նախագահել է Էրդողանը: Ըստ քննարկումների, դատելով տարածված հաղորդագրությունից, Թուրքիան մտադիր է ստեղծել առավելագույնս ինքնաբար հակաօդային պաշտպանության համակարգ, որի ներուժը կապահովվի գերազանցապես թուրքական արտադրության սպառազինությամբ եւ այլ միջոցներով: Թե որքանով է հնարավոր եւ իրատեսական այդ ծրագիրը կամ մտադրությունը, իհարկե միարժեք ասել, այն էլ Երեւանից, բավականին բարդ է: Սակայն ուշադրության է արժանի միտումը, որին ձգտում է Թուրքիան:
Ինքնաբավ «Երկաթե գմբեթը» ըստ էության նշանակելու է, որ Թուրքիան փորձելու է առնվազն հակաօդային պաշտպանության առնչությամբ զգալիորեն անկախանալ ՆԱՏՕ «գմբեթից», այդ հասկացության իհարկե լայն իմաստով: Դա կնշանակի՞ հաջորդիվ ՆԱՏՕ հետ հարաբերության վերանայման մտադրություն, թե՞ ոչ: Այդ հարցը թերեւս ունի գոյության իրավունք: Չի բացառվում, որ Թուրքիան մտադիր է ՆԱՏՕ առաջ, եւ գուցե ավելի շուտ Միացյալ Նահանգների առաջ դնել իր դերի վերաիմաստավորման եւ «վերարժեվորման» խնդիր: Ինչպես երեւում է, նոր աշխարհակարգի համար բուռն եւ թեժ պայքարի գործընթացներում չի իրականանում Անկարայի գլխավոր նպատակը՝ Թուրքիան չի դիտվում «բարձրագույն խմբի» անդամ կամ հավակնորդ:
Ավելին, այսօր գուցե հնչի շատ տարօրինակ եւ աներեւակայելի, բայց խորքային առումով Թուրքիան դիտարկվում է թերեւս ազդեցության գոտի, որի համար պայքարը դեռ ծավալվելու է: Դա տարօրինակ է հնչում այն դերի եւ հավակնությունների ֆոնին, որ արդեն տասնամյակից ավելի փորձում է առաջ մղել Թուրքիայի նախագահը, սակայն առնվազն մի հանգամանք ակնառու ցույց է տալիս, որ նա այդ գործում ունենալով տակտիկական հաջողություններ, ռազմավարական իմաստով չի կարողանում ապահովել գլխավորը՝ այդ հավակնությունների ռազմավարական բազան, որը միայն ու միայն տնտեսությունն է, հետո նոր մնացյալը:
Էրդողանն անկասկած ունի մնացյալ գրեթե ամեն ինչ՝ գաղափարականից, արժեքայինից մինչեւ քաղաքական ու ռազմական, սակայն չունի տնտեսականը: Թուրքիան ունի այնպիսի տնտեսական խնդիրներ, որ չնայած իր տնտեսության իսկապես մեծ ծավալին, այդուհանդերձ չի կարող դրա բովանդակության վրա կառուցել իր աշխարհաքաղաքական ցանկալի դերակատարությունը: Հնարավոր է, որ Էրդողանը այժմ փորձում է իրավիճակը փոխել ռազմաարդյունաբերության միջոցով, ձեւավորելով տնտեսության ռազմաարդյունաբերական «ծանրության կենտրոն»: Բայց դրա համար պահանջվում է շատ ժամանակ, բայց մեր հարց է, թե արդյո՞ք Թուրքիան ունի «սեփական գմբեթ» կառուցելու այդ ժամանակը: