Իրանն ու Կիրգիզիան քննարկել են Կիրգիզիայի համար իրանական նավահանգիստների օգտագործման հնարավորությունը: Այս քննարկումները անկասկած կարող ենք դիտարկել նաեւ այն դիմակայության շրջանակում, որ ծավալվում է խոշոր տերությունների միտջեւ Կովկասի համար Մեծ խաղի գործընթացում, մասնավորապես ճանապարհների, հաղորդուղիների ապաշրջափակման եւ վերահսկողության, իսկ պարզ ասած՝ Միջին միջանցքի համար պայքարում:
Ինչպես միանգամայն պարզ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը, ԱՄՆ ձգտում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացով, հայ-թուրքական կարգավորմամբ առաջ տանել Միջին միջանցքի օրակարգն ու ձեւավորել այդ միջանցքը, Կենտրոնական Ասիայի «հարստությունները» միջերկրխովյան ռեգիոն հասցնելու, իսկ գործնականում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռեգիոնալ դիրքերն ամրացնելու միջոցով իր գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցներ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի դիրքերը թուլացնելու համար:
Իրանն իր հերթին թերեւս կփորձի Կենտրոնական Ասիայի երկրներին անել լոգիստիկ շահավետ առաջարկներ, որպեսզի նրանց մոտ լինի նվազ շահագրգռություն դեպի Միջին միջանցք, եւ ավելի մեծ շահագրգռություն դեպի իրանյան ուղղություն: Ամբողջ հարցն այն է սակայն, որ կա մի պարզ հանգամանք՝ Միջին միջանցքն ամենակարճն է, հետեւաբար տնտեսապես կարծես թե ամենագրավիճը, ըստ այդմ բարդ է տնտեսական առումով մրցակցել այդ օրակարգի հետ: Մյուս կողմից, տնտեսապես շահավետ այդ տարբերակն ունի քաղաքական հակամարտության բարդությունը, ինչը ըստ էության որոշակի իմաստով գործոն է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի համար: ԱՄՆ փորձում է հաղթահարել հենց այդ գործոնը:
Բայց, այդտեղ Վաշինգտոնը կարծես թե դիլեմայի առաջ է. հաղթահարել հնարավոր է կամ Թուրքիային ու Ադրբեջանին պարտադրելով գնալ Հայաստանի հետ իրապես հավասարակշռված պայմանավորվածությունների, կամ Հայաստանին համոզել ընդունել Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտեցումները այնքան եւ այնպես, որ նրանք համաձայնեն գնալ պայմանագրային պայմանավորվածությունների: Ըստ էության այս «կետն» է իրավիճակը մոտեցրել փակուղուն, հատկապես հաշվի առնելով այն, որ նկատելի տարամետ տրամադրություններ են առկա Թուրքիայում ու Ադրբեջանում: Քիչ հավանական է, որ ԱՄՆ ձգտում է մինչեւ նոյեմբերի նախագահի ընտրություն ստանալ ինչ որ մեծ համաձայնություն:
Դա ստանալն իրատեսական չէ, հետեւաբար Վաշինգտոնն ըստ ամենայնի առաջիկա երեք-չորս ամիսների համար դնում է թերեւս ավելի շուտ օրակարգը պահելու, քան այն էապես առաջ մղելու խնդիր: Համենայն դեպս, դա հուշում է սթափ տրամաբանությունը, քանի որ առկա իրավիճակում օրակարգը լայն քայլով առաջ մղելու ձգտումը ավելի կմոտեցնի ոչ թե համաձայնությունները, այլ փակուղին խորացնելու եւ ապակայունացման ռիսկերը: Այդ խորապատկերում ուշահգրավ է, որ վերջին շաբաթներին կարծես թե նկատելի աշխուժությամբ են աչքի ընկնում բրիտանացիները: