Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից: ԱԳՆ-ն այդ հորդորը հղել է ելնելով այն ռիսկից, որ ռեգիոնում լարվածության առումով առաջացրել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունը: Իհարկե այդ հորդորը հնարավոր է դիտարկել պարզապես կառավարման պրոֆիլակտիկայի շրջանակում: Միեւնույն ժամանակ սակայն, երբ պրոֆիլակտիկան ենթադրում է այդ ռեժիմի գործողություն, դա ինքնին արդեն նշանակում է, որ համենայն դեպս կան ոչ սովորական ռիսկեր:
Զուգահեռ, CNN-ը հաղորդում է, որ Իսրայելի կառավարությունը իր քաղաքացիներին է ուղարկել ցուցումներ, թե ինչ պետք է անել լայնամասշտաբ պատերազմի դեպքում, ինչպիսի գործողություններ պետք է անել այս կամ այն իրավիճակում, պետք է պատրաստ լինել էլեկտրաէներգիայի տեւական բացակայության, կարողանալ առավելագույնը 90 վայրկյանի ընթացքում հասնել ապաստարաններ եւ այլն: Սա էլ գուցե պրոֆիլակտիկա է, բայց այն գործողության ռեժիմում է, հետեւաբար կան դա անհրաժեշտ դարձնող նոր հանգամանքներ: Այդուհանդերձ, պրոֆիլակտիկան կհասնի՞ արդեն անմիջական գործածության աստիճանի:
Սա այսօր հարց է, որ քննարկում ու շոշափում են ուժային բոլոր կենտրոնները: Մի կողմից իրավիճակը թողնում է դեժա-վյուի տպավորություն, երբ թվում է, որ Մերձավոր Արեւելքը վերջիին մի քանի տարիներին առնվազն մի քանի անգամ է եղել այդ իրավիճակում: Այդպես էլ իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո, այդպես էր Գազայից Իսրայելի ուղղությամբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հարձակումից հետո, այդպես էր 2024 թվականի ապրիլին Դամասկոսում Իրանի դեսպանատան հրթիռակոծությունից հետո: Բայց ամեն անգամ այդ բավականին տագնապալի սպասումներից հետո իրավիճակը այդուհանդերձ մնացել է կայուն, ստեղծելով տպավորություն, որ անակնկալ զարգացումները խոշոր հաշվով անակնկալ են միայն հանրությունների համար, իսկ բուն քաղաքական դերակատարների համար դրանք ընթացիկ զարգացումներ են՝ հաշվարկված եւ կառավարվող հետեւանքներով:
Այժմ տպավորություն է, որ կրկնվում է մերձավորարեւելյան արդեն սովորական դարձած պատմություն, որում հերթական անգամ սպասումներն ու աղմուկը լինելու են ավելին, քան բուն հետեւանքը եւ զարգացումները: Ինչ խոսք, եթե լինի այդպես, ապա դա կլինի իհարկե չարյաց փոքրագույնը, եւ գուցե անգամ ողջունելի, եթե ռեգիոնը խուսափի մեծ պատերազմից: Առնվազն Հայաստանի համար այդ պատերազմը հազիվ թե խոստանա անգամ «զրոյական» վիճակ, եւ այն մեծ հավաականությամբ կլինի մթնոլորտային ուժեղ ճնշում Կովկասի վրա:
Բայց, նաեւ անկասկած է մի բան, որ այդ ամենը պարզապես շոու չէ, եւ՝ թե սպասումները, թե հետո հարաբերական կայուն հանգուցալուծումները ունենում են իրենց քաղաքական գինը, ենթադրում ենք քաղաքական տողատակային զարգացումներ, եւ անկասկած է, որ գործընթացները շարունակում են ծավալվել, պարզապես «ստորջրյա» տրամաբանությամբ: Մեծ հավանականությամբ, ռեժիմն այդպիսին կլինի նվազագույնը մինչեւ ԱՄՆ նախագահի ընտրության արդյունք, եւ միայն դրանից հետո ավելի կորոշակիանա, թե դեպի ուր է շարժվելու Մերձավոր Արեւելքը: