Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում ներկա է գտնվել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կազմակերպած պաշտոնական ընթրիքին։
Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ մանրամասնելով, որ հնարավորություն է ունեցել գործընկերների հետ քննարկել հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
«Հաճելի էր ներկա գտնվել Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից կազմակերպված ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ԱԳ նախարարների պաշտոնական ընթրիքին։
Լավ հնարավորություն էր գործընկերների հետ տարածաշրջանային զարգացումների, ավելի կայուն և ապահով Հարավային Կովկասի, ինչպես նաև ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ Հայաստանի տեսլականի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու առումով», – գրել է նախարար Միրզոյանը։