Լեհաստանի հարավային Սիլեզիայի շրջանի հանքավայրերից մեկում ուժգին ցնցումներ են տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակներում։ Այս մասին հաղորդում է TVP Info լրատվամիջոցը։
Լեհական հանքարդյունաբերական խմբի ներկայացուցիչ Ալեքսանդրա Վիսոցկա-Սեմբիգան պարբերականին հայտնել է, որ փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8։16-ին, Ռիբնիկ քաղաքի մոտ գտնվող Ռիդուլտովի հանքավայրում։ Ցնցումները գրանցվել են 1200 մետր խորության վրա։
Ըստ ներկայացուցչի՝ ժամը 11։00-ի դրությամբ գետնի տակ դեռ մնում էր 53 հանքագործ։ 15 աշխատակից դուրս է բերվել, որոնցից տասը հոսպիտալացվել են։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև մակերևույթին։ Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ Ռիբնիկ քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևմուտք գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ։
Ռիդուլտովի հանքավայրը Լեհաստանի ամենահին գործող ածխի հանքերից է, որի շահագործումը սկսվել է 18-րդ դարում։