Անցյալ տարվա սեպտեմբերյան մեկօրյա ահաբեկչական պատերազմի զոհերի մի մասը հուղարկավորվել է Ստեփանակերտում: Նրանց հարազատներն այսօր Հայաստանի կառավարության նստավայրի մոտ ակցիա են իրականացրել՝ պահանջելով կազմակերպել արտաշիրմում եւ վերահուղարկավորում: Նրանց պահանջն արդարացի է, եւ լուծում պետք է գտնվի: Բայց խնդիրն, ի վերջո, հանգում է Արցախի իշխանությունների անգործությանը: Հուղարկավորությունը կազմակերպվել է ոչ թե հարազատների ցանկությամբ, այլ՝ իշխանությունների որոշմամբ:
Եւ ստացվել է այնպես, որ քաղաքացին իր զավակին հողին հանձնելուց մի քանի ժամ հետո բռնատեղահանվել է: Սեպտեմբերի 20-ից հետո Արցախի փրկարարական ծառայության աշխատակիցները մնացել են, մասնակցել բենզինի պահեստի պայթյունից վիրավորների տարհանմանը: Նրանց շնորհիվ են հայտնաբերվել ռազմաճակատային գծի տարբեր հատվածներում զոհվածների մարմինները, կազմակերպվել է Հայաստան տեղափոխումը:
Այդ գրեթե տասնօրյա ժամանակահատվածում տեղում են եղել Արցախի նախագահը, ներքին գործերի նախարարը, Պաշտպանության բանակի հրամանատարը, ԱԱԾ եւ փրկարար ծառայության պատասխանատուները, ոստիկանության տասնյակ ծառայողներ: Եւ անհասկանալի է, թե ինչու՞ չի քննարկվել արտաշիրմում կազմակերպելու հարցը: Դիմել են ադրբերաջանական կողմին մերժու՞մ ստացել՝ հայտնի չէ, բայց փաստ է, որ մեկ-երկու ամիս անց հարազատներին ասել են, որ աճյունները կտեղափոխվեն Երեւան:
Մի խումբ հարազատներ նույնիսկ հասել են Գորիս, երկու օր սպասել: Հետո ասել են, որ ադրբեջանական կողմը չի համաձայնում: Մարդիկ կրկնակի ողբերգություն են ապրում: Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի եւ հասնի մարդասիրական խնդրի կարգավորմանը: Ինչպե՞ս: Դա զոհվածների հարազատների խնդիրը չէ: Իսկ եթե Հայաստանի կառավարության հնարավորությունները սուղ են, ապա պետք է ներգրավվի Ստեփանակերտը:
Մարդիկ, ի վերջո, հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ համաձայնությամբ են Ստեփանակերտից անվտանգ Երեւան տեղափոխվել եւ պարտավոր են գործի դնել այդ կապերը: Անելիքներ ունի ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակը: Զուտ մարդասիրական հարցի լուծմանը կարող է ներգրավվել Հայ առաքելական եկեղեցին:
Ոչ ոք չի մոռացել, որ տասը տարի առաջ հայկական կողմում մնացած դիվերսանտ Մուբարիզ Իբրահիմովի դիակն ադրբեջանական կողմից է հանձնվել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեի խնդրանքով եւ Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ: Փաշազադեն այն աշխարհ չի տեղափոխվել, չի փոխվել Ամենայն հայող կաթողիկոսը, նույնն է նաեւ միջնորդը՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը:
Եւ Երեւանում ՀԱԵ Արցախի թեմի գրասենյակ բացելուն զուգահեռ Մայր աթոռը կարող է դիմել ՌՈՒԵ Կիրիլ պատրարքին, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Եղիա Երկրորդին, իսլամական աշխարհի հոգեւոր հեղինակություններին: Մարդասիրականից զատ՝ դա նաեւ արժանապատվության հարց է, որի լուծման գործում Հայաստանի իշխանությունը, քաղաքական Ստեփանակերտը եւ Հայ առաքելական եկեղեցին պարտավոր են միասնաբար գործել: