Երգչուհի Շուշան Պետրոսյանը այսօր մեզ հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության 20-ամյակին, նշեց, որ կարծես 20 տարեկան լինի, ուղիղ այնքան, որքան մեր երկիրն է:
«Նույն զգացողությունն է, կարծես իմ 20-ամյակը նշեն այսօր: Պարտավորեցնող, խենթանալի զգացողություն է: Շքերթից հետո աննկարագրելի զգացումներ եմ ապրում և նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում: Արցունքն աչքերիս հպարտ գնում-գալիս եմ: Բանակը որ անցավ, ամեն ինչ տակնուվրա եղավ՝ ձեռքբերումների, մեր հաղթանակի պահերը վերհիշեցի: Էդ ձագուկների մռութներին որ նայում եմ, չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում»,- անկեղծացավ Շուշան Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է բարեմաղթանքին՝ Շուշան Պետրոսյանը ավելացրեց. «Այն, ինչ կցանկանայի ինքս ինձ 20 տարեկանում: Երբ աշխարհը առջևս էր դռան նման բաց, որտեղ պետք է մտնեմ ու պետք է մտնեմ արժանապատիվ, դրական, անմեղ, հանգիստ խղճով: Ինչպես նաև արարելու և իղձերս ի կատար ածելու միտումով»:










































