Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Աստանայում կայանալիք Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Պուտինը կունենա երկկողմ մի շարք հանդիպումներ, այդ թվում նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ: Ժամանակացույցն է ուշագրավ՝ Պուտինը նախ կհանդիպի Ալիեւի հետ՝ հուլիսի 3-ին, եւ հուլիսի 4-ին նոր միայն տեղի կունենա Էրդողանի հետ հանդիպումը: Ալիեւը ըստ էոււթյան մշտապես ընկալվել է Պուտինի եւ Էրդողանի կապող օղակ, եւ այդտեղ իհարկե առնվազն շոշափելի ժամանակահատվածներում առկա է ճշմարտության չափաբաժինը: Սակայն, այսօր Ալիեւը ըստ ամենայնի Պուտինի եւ Էրդողանի միջեւ «կռվախնձոր» է, կամ՝ «խանդի» առարկա: Բազմիցս առիթ ունեցել եմ արձանագրելու ռուս-թուրքական հարաբերության նկատելի սառնությունը:
Օրինակ, արդեն ավելի քքան մեկ տարի է, ինչ Թուրքիան պարբերաբար սպասում է Պուտինին Աննկարայում, բայց ՌԴ նախագահը այդպես էլ «չի գտնում» ժամանակ: Ավելին, վերջերս Կրեմլ այցելած արտգործնախարար Ֆիդանին նա կարծես մեծահոգաբար հայտնեց, որ Աստանայում կօգտագործի առիթն ու կհանդիպի Էրդողանի հետ, բայց ավելին՝ այսինքն այց Թուրքիա, սպասել պետք չէ: Ռուս-թուրքական սառնությունն ունի իհարկե մի շարք պատճառներ, որոնցից մեկն էլ թերեւս Ադրբեջանն է: Բանն այն է, որ Պուտինը նկատելիորեն փորձում է «կտրել» Ալիեւին այսպես ասած արեւելք-արեւմուտք տրանսպորտային վեկտորից եւ կենտրոնացնել հյուսի-հարավի վրա:
Մինչդեռ, Թուրքիային հետաքրքիր է հենց արեւելք-արեւմուտքը, մի շարք ռազմավարական պատճառներով: Այստեղ իհարկե կա Հայաստանին ուղիղ առնչվող թեմա, քանի որ արեւելք-արեւմուտքի պարագայում առանցքային գոտին Հայաստանն է՝ «միջանցքային» թեմայով: Թեհրանն ու Մոսկվան Բաքվին կարծես թե փորձում են տեւական ժամանակ համոզել, որ Նախիջեւանի հետ կայուն ու անխափան կապ կարող է ապահովվել նաեւ Իրանի տարածքով, հետեւաբար պետք չէ ավելորդ ձգտումներով ստեղծել ռեգիոնալ անկայունության նախադրյալներ, եւ առավել շահեկան է կենտրոնանալ Սանկտ-Պետերբուրգից-Մումբայ մեծ ծրագրի եւ դրանից օգուտներ քաղելու վրա: Անկարան ակնհայտորեն դժգոհ է դրանից, ինչի համար էլ թերեւս վերջին շրջանում գնաց Երեւանի հետ ինտենսիվ շփումների:
Աստանայում թե Պուտին-Ալիեւ, թե Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում անկասկած ներկա է լինելու այդ բարդ թեման: Իհարկե դժվար է պնդել, որ հանդիպումների ժամանակացույցը կազմակերպվել է այսպես ասած հենց այն նկատառումով, որ Պուտինը Ալիեւի հետ խոոսի մինչեւ Էրդողանի հետ զրույցը, բայց այն, որ հերթականությունն այդպիսին է, խորհրդանշական է: ՌԴ նախագահն ըստ երեւույթին կփորձի Ալիեւի հետ հանդիպմանը ձեռք բերել Էրդողանին տեղի չտալու պաշար: Այստեղ է, որ կարող է առաջանալ որոշակի հարց՝ Ալիեւն այդ «պաշարը» կտրամադրի, դրա դիմաց ակնկալելո՞վ որեւէ բան, թե՞ Պուտինը կփորձի բացատրել դա չանելու հնարավոր ռիսկերը նրա համար, նկատի ունենալով այն, որ օրեր առաջ նա զրուցել էր Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ, իսկ Աստանայի հանդիպումների շարքում վերջինն էլ լինելու է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: