Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ զեկույց կպատրաստի ԵՄ խորհրդի համար Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների վերաբերյալ, որի ընթացքում առաջարկել է որոշակի ժամկետում հրադադար հաստատել, որպեսզի ԵՄ-ն կարողանա անհրաժեշտ որոշումներ ընդունել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օրբանը տասներկու տարվա ընթացքում առաջին անգամ է Կիևում: Հուլիսի 1-ից Հունգարիան վեց ամսով նախագահում է Եվրամիության Խորհրդում։ Օրբանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Կիևում Զելենսկու հետ նա կքննարկի խաղաղության հաստատման և երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր։
Հունգարիայի վարչապետը Զելենսկու հետ մամուլի ասուլիսում ասել է, որ խնդրել է նրան դիտարկել հրադադարի հնարավորությունը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցություններից առաջ։
«Որոշակի ամսաթվով կնքված զինադադար, որը հնարավորություն կտա արագացնել խաղաղ բանակցությունները։ Ես գնահատեցի դրա հնարավորությունները: Ես դա պարզաբանեցի Ուկրաինայի նախագահին։ Շնորհակալ եմ անկեղծ քննարկման և պատասխանների համար: Բանակցությունների մասին կպատրաստեմ զեկույց ԵՄ Խորհրդի, այսինքն՝ ԵՄ վարչապետների համար, որի հիման վրա կարող են կայացվել անհրաժեշտ որոշումները»,- ասել է Օրբանը։