Հուլիսի 3-ին Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ: Սա անշուշտ կարեւոր այց է, իսկ Վրաստանի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքի անհրաժեշտոության մասին խոսել էի մի քանի օր առաջ արված հրապարակման մեջ, որտեղ ընթերցողի դատին էի ներկայացրել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի Վրաստան կատարած պաշտոնական այցը եւ այդ համատեքստում այն շեշտադրումը, որ պայմանավորվել են բոլոր ուղղություններով խորացնել ռազմավարական գործակցությունը:
Այդ հանգամանքը էական ուշադրության է արժանի նրանով, որ Վրաստանը Հայաստանի համար նոր ձեւավորվող, կամ նոր որակ ստացող հայ-ֆրանսիական ռազմա-քաղաքական գործակցության կարեւոր հանգամանք է, ինչը բնականաբար կարեւոր լինելով Հայաստանի համար այդ գործակցության կայուն զարգացման տեսանկյունից, Բաքվի համար էլ նշանակություն է ստանում հայ-ֆրանսիական գործակցությանը խոչընդոտելու առումով: Իսկ այն, որ Ադրբեջանը իրեն դիրքավորել է Կովկասում Ֆրանսիայի հակառակորդ, ըստ էության միանգամայն բաց է:
Այդ տեսանկյունից, թեեւ Վրաստանն ինքը մի կողմից դիրքավորվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը նպաստելու պատրաստակամ խաղացող՝ եւ այդ դիրքավորումը իհարկե պետք է ձգտել օգտագործել հնարավորինս արդյունավետ, կայուն, հավասարակշռված խաղաղության խնդիրներ լուծելու համար, միեւնույն ժամանակ Հայաստանի համար շատ կարեւոր է չունենալ պատրանքներ եւ Վրաստանի հետ ինտենսիվ աշխատանքի միջոցով թույլ չտալ, որ Ադրբեջանը իր հնարավորություններն օգտագործի Վրաստանում Հայաստանի եւ Ֆրանսիայի գործակցությանը խոչընդոտներ հարուցելու համար:
Այդ ամենով հանդերձ, թերեւս ավելորդ չէ եւս մեկ անգամ կրկնել նաեւ հայ-վրացական երկկողմ գործակցության ռազմավարական հարցն անկախ ամեն ինչից՝ երկու երկրների ռազմավվարական գործակցության հռչակագրի ինստիտուցիոնալացմանը, կապիտալիզացիային ուղղված աշխույժ ջանք, այդ գործակցությանը ռազմավարական բնորոշմանը համարժեք բովանդակություն հաղորդելու համար: