Վերջին չորս տարիների ընթացքում Մեքսիկայի հատուկ ծառայությունները կարողացել են առգրավել մոտ 11 մլրդ դոլարի թմրանյութ:
Այս մասին է խոսել Մեքսիկայի գլխավոր դատախազ Արտուրո Չավեսը, որն ամփոփել է իրավապահների գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Տարբեր տվյալներով՝ Մեքսիկայի տարածքով ամեն տարի ԱՄՆ է տեղափոխվում մոտ 300-400 տոննա թմրանյութ, որը բերվում է Հարավային Ամերիկայից: Հայտնի է նաև, որ Մեքսիկայի տարածքում ամեն տարի արտադրվում է մոտ 7 հազար տոննա մարիխուանա:
Դատախազի տվյալներով՝ վերջին շրջանում Մեքսիկայի իրավապահները մի քանի լուրջ հարված են հասցրել երկրում գործող թմրակարտելներին: Սպանվել են այդ կարտելների մի քանի ղեկավարներ: Այդ պայքարում ներգարվվել է նաև բանակը: Սակայն երկրի քրեածին իրավիճակը շարունակում է մնալ լարված, որի արդյունքում ավելի քան 30 հազար մարդ զոհվել է: