Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ Աստանայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Cumhuriyet-ի տեղեկացմամբ` հանդիպմանը կողմերը քննարկել են կովկասյան տարածաշրջանի խնդիրները: Գյուլն ասել է, որ տարածաշրջանի հիմնախնդիրները դիտում է մի ընդհանուր մեծ շրջանակի մեջ: Ըստ նրա՝ անհրաժեշտություն կա, որ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված հիմնախնդիրները լուծվեն հենց այդ մեծ շրջանակում, ինչը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին: Թուրքիայի նախագահը նշել է, որ ներկայիս իրավիճակը չի բխում ո՛չ Թուրքայի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Ռուսաստանի շահերից: «Այդ առումով, մենք կիսում ենք մեր տեսակետները և շարունակելու ենք բանակցությունները»:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ Գյուլն ասել է, որ գործընթացը մահացած չէ, իրենք վճռական են` շեշտելով, որ ինչպիսի ճանապարհներով էլ լինի, կարևորը աշխատելն է: Ըստ նրա` բարդ հարցերը անմիջապես չեն լուծվում. «Մենք պահպանում ենք մեր վճռականությունը և կարևորում ենք բոլորի շահերից բխող լուծման տարբերակը: Այդ հարցերի լուծումը ձգձգելը հղի է վտանգներով: Բոլորը պետք է հիշեն Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկու տարի առաջ տեղի ունեցածը»,- ասել է Թուրքիայի նախագահը: