Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության բիզնեսը ցածր շահութաբերություն ունեցող, հաճախ նաև վնասով աշխատող բիզնես է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռոսգոսստրախ» խմբի ընկերությունների նախագահ Դանիել Խաչատուրովը, ով Հայաստան էր եկել, իր խոսքով, տեսնելու, թե ինչպես է աշխատում խմբին պատկանող «Ռոսգոսստրախ Արմենիան»: «Եթե այստեղ շահութաբերությունը հասնում է 1-2%-ի, ուրեմն մենեջմենթը չափազանց լավ է իրականացվում»,- նշեց նա: Սակայն, ըստ Խաչատուրովի, բոլոր ապահովագրական ընկերություններն էլ, նույնիսկ եթե վնասով են աշխատում այս ոլորտում, շարունակում են իրենց գործունեությունը: Դա պայմանավորված է նրանով, որ ԱՊՊԱ ոլորտում ծառայություններ մատուցելով` ապահովագրական ընկերությունները հաճախորդների լայն զանգված են կարողանում սպասարկել, որի հիման վրա էլ կարողանում են հետագայում ընդլայնել իրենց կողմից մատուցվող այլ տիպի ապահովագրական ծառայությունները: Այսինքն` այն մարդը, որը ԱՊՊԱ ծառայություն է ստանում տվյալ ապահովագրական ընկերությունից, ավելի հեշտությամբ կօգտվի նաև այդ ապահովագրական ընկերության այլ տիպի ապահովագրական ծառայություններից, քան թե այն մարդը, որը ոչ մի ծառայություն չի ստանում տվյալ ընկերությունից: