«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Շատ քաղաքացիների նման` ես կցանկանայի, որ անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթի ամբիոնին միաժամանակ կանգնած լինեին Հայաստանի երեք նախագահները՝ մարդիկ, որոնք մեր պատմության դժվարին տարիներին եղել են մեր զինված ուժերի գլխավոր հրամանատարները: Ինչպես հայտնի Է, այդ ցանկությունն ունեցող քաղաքացիների շարքում Է նաև Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց` չստացվեց:
Փաստը, իհարկե, ցավալի Է` չնայած «մերժողները» 100 տոկոսով վստահ են իրենց իրավացիության մեջ:
Բայց Երրորդ հանրապետության 20-ամյակը այնպիսի առիթ Է, երբ թե՛ մենք՝ քաղաքացիներս, և թե՛ իրենք` նախագահները, պետք Է ոչ թե մոռանան այդ ամենի մասին, այլ մեկ օր, մի քանի ժամ դրանից բարձր կանգնեն: Մենք բոլորս` նախագահների հետ միասին, պիտի արժևորենք անկախ պետություն ունենալու փաստը, որը ինքնին նվաճում Է, ինքնին հպարտության առարկա: Բոլոր տեսակի քաղաքական և անձնական դեմարշները կարելի Է թողնել մնացած օրերի և տարիների համար»,- ապա հավելում է.
«Ինչպե՞ս կընկալվեր առաջին և երկրորդ նախագահների որոշումը` մասնակցել տոնական միջոցառումներին: Բնականաբար, տարբեր ձևով: Գուցե թունդ ընդդիմադիրները դրանից հիասթափվեին: Գուցե չարախոսողներն ու բամբասողները ուրախանային՝ «բա որ ասում Էինք, որ նրանց միջև ախպերություն կա»: Բայց պետական ավանդույթները ստեղծվում են ոչ թե այսօրվա հասարակական ընկալումների համար, այլ հակառակը՝ որպեսզի մարդիկ դուրս գան ներկայիս թայֆայական-կենցաղային կարծրատիպերից: Այսինքն՝ որ անկախության 30-ամյակի առիթով կազմակերպված շքերթի ժամանակ նրանք մտքում ասեն` մեր զորքերը, մեր տանկերը, մեր նախագահները»: