«Էլիտար ցորենի սերմնացուի ներկրումը, իրոք, այն դեպքն է, որ կառավարությունը լավ քայլ է արել, բայց արդյունքը կտեսնենք հաջորդ տարի»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ագրարագյուղացիական միություն նախագահ Հրաչ Բերբերյանը:
Սակայն նա միաժամանակ նշեց, որ սերմերը գյուղացիներին բաժանելու մեխանիզմն ավելի լավը կարող էր լինել: Հ.Բերբերյանը հայտնեց, որ շատ տեղերում գյուղացիները դժգոհում են սերմերի վերաբաշխումից, ինչի պատճառը անբարեխիղճ գյուղապետերն են ու մարզպետարանների աշխատողները:
Ըստ Հ.Բերբերյանի՝ ցորենի ներկրումը դրական ազդեցություն կունենա հանրապետության միջին բերքատվության ավելացման վրա, սակայն ոչ այս տարի, այլ հաջորդ տարի. «Ինչքան էլ փորձեն այս տարի բարձր ցուցանիշներ աղաղակել, փաստացի հացազգիների ցանքատարածությունների միայն 5%-ն է վերականգվել այդ սերմերով»: