Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ահմադինեժադի այցելության հետաձգումից ամիսներ անց`ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Թեհրան և հանդիպեց նաև Ահմադինեժադի հետ:
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում գնահատելով այս քայլը, նշեց, որ այդ այցը և հանդիպումը շատ կարևոր էին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս սրվել են ադրբեջանա-իրանական հարաբերությունները:
Մինասյանը նկատեց, որ Ահմադինեժադի այցելության հետաձգումը պայմանավորված էր վերջինիս և երկրի կրոնական ղեկավարության հարաբերությունների սրմամբ: Ըստ քաղաքագետի՝ «Ահմադինեժադի այցի հետաձգմանը պետք չէ կրիտիկական նշանակություն տալ»:
Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունների ֆոնին Հայաստանի հետ ջերմ հարաբերությունների ցուցադրումը Իրանի համար կարևոր նշանակություն ունի: