Հարցին, թե ինչպես կգնահատի Հայաստանի տնտեսության վիճակը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիել Խաչատուրովը պատասխանեց. «Չեմ մտածում Հայաստանի տնտեսության մասին»: Սակայն ըստ Խաչատուրովի՝ նախկին խորհրդային բոլոր երկրներն էլ մեծ պոտենցիալ ունեն: Ըստ Խաչատուրովի` Հայաստանի տիպի երկրներում ՀՆԱ-ի առնվազն 2-3%-ը պետք է ապահովագրության ոլորտում ստեղծվի, սակայն այս պահին դա 1%-ից էլ ցածր է: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը շատ ավելի մեծ է, օրինակ` Մեծ Բրիտանիայում այն հասնում է ՀՆԱ-ի 15-17%-ին: Բայց սրա 80-85%-ը, ըստ Խաչատուրովի, կյանքի ապահովագրությունն է, որն Հայաստանում չկա: Ուստի, ըստ Խաչատուրովի, հաջորդ քայլը պետք է լինի կյանքի ապահովագրության ինստիտուտի ներդրման խթանումը, որը նաև տնտեսությունում երկար փողեր կստեղծի: Իսկ երկար փողեր տնտեսությունում, Խաչատուրովի խոսքով, ստեղծում են կենսաթոշակային հիմնադրամներն ու կյանքի ապահովագրությունը: