Wikileaks կայքի՝ Իրանի մասին վերջին հրապարակումները ապացուցում են, որ Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական ու պահակազորի նախկին հրամանատար Եահյա Ռահիմ Սաֆավիի եղբայրը՝ Սալման Ռահիմ Սաֆավին, Լոնդոնում արևմտյան դիտորդների ու դիվանագետների հետ ունեցած գաղտնի հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանի նախագահական վերջին ընտրություններում տեղի ունեցած հեղաշրջումը, որի արդյունքում Մահմուդ Ահմադինեժադը ճանաչվեց որպես երկրի նախագահ, կազմակերպվել ու ղեկավարվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի գրասենյակի միջոցով:
Սալման Ռահիմ Սաֆավին հիշյալ հանդիպման ընթացքում այդ հեղաշրջման գլխավոր դերակատար է նշել պահակազորի գլխավոր հրամանատար Մուհամադ Ալի Ջաֆարիին, որը գործում է Իրանի առաջնորդի ուղղակի հսկողության ներքո:
Wikileaks-ի հրապարակած փաստաթղթի համաձայն՝ Սալման Ռահիմ Սաֆավին արևմտյան դիվանագետներին ու դեսպաններին հայտնել է, որ նախագահական ընտրությունների հեղաշրջումը զինվորական հեղաշրջում չի եղել, որովհետև պահակազորի հրամանատարների մեծամասնությունը դեմ է եղել նմանօրինակ ընտրախախտումներին, ու ընտրություններից հետո էլ նրանք իրենց ճամփան առանձնացրել են հեղաշրջողներից: Իրանցի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի նախագահական ընտրություններում ընտրախախտումների ու ժողովրդական բողոքի ցույցերը դաժանաբար ցրելու գլխավոր հեղինակները «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության անդամներն են եղել:
Սալման Ռահիմ Սաֆավին, վերջում հավելել է, որ Իրանի պետական պաշտոնյաների ու պահակազորի հրամանատարների մեծամասնությունը ցանկանում է, որ ԱՄՆ-ը, Իրանում մարդու իրավունքների ոտնահարումը մատնանշելով, թույլ չտա Ահմադինեժադի կառավարությանը հաստատվել ու կայանալ իր դիրքերում:









































