Մեքսիկական Վերակրուս նահանգում սեպտեմբերի 19-ին մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել միանգամից երեք բանտային փախուստ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը: Ազատության մեջ են հայտնվել 32 բանտարկյալ` 16-ը Ամաթլանի, 12-ը` Կոացակոալկոսի, 4-ը` Կոսամալոապանե քաղաքների բանտերից: Փախուստից 12 ժամ անց ոստիկանությանը հաջողվել է իրենց «բնակության վայր» վերադարձնել 14 բանտարկյալի:
Նախնական տեղեկություններով` բանտարկյալներին հաջողվել է բանտապահներից խլել զենքը և բացել դռները: Տեղեկություններ կան, որ փախուստին կարող են նպաստած լինել բանտի որոշ աշխատակիցներ: Փախուստները Մեքսիկայում հազվադեպ չեն: Անցած տարվա դեկտեմբերին բանտերից մեկից փախուստի էր դիմել 153 բանտարկյալ: