Իր գրեթե մեկդարյա պատմության ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը բազմաթիվ ցուցադրություններ, միջոցառումներ է կազմակերպել և կազմակերպում, բազմաթիվ հեղինակավոր և սկսնակ նկարիչներ են ցուցադրվել և ցուցադրվում, պատկերասրահը դառնում է գիտական հաստատություն: Բայց արի ու տես, որ այս ձեռքբերումների կողքին կան շատ հիմնախնդիրներ. պատկերասրահը ցուցահանդեսներ կազմակերպելու համար չունի մշտական ցուցադրություների հավելյալ ցուցասրահներ, չունի օդափոխության և ջեռուցման կայուն համակարգ, նրա 11 մասնաճյուղերից շատերը վերանորոգման կարիք ունեն:
«Հրազդանի մասնաճյուղը մինչև տարվա վերջ կվերաբացվի, վերանորոգման կարիք ունեն Սիսիանի, Էջմիածնի երկրորդ թանգարանը, Մարտունու, Երևանի` Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանները: Վերանորոգման կարիք ունի նաև գլխավոր շենքը, նման պատկերասրահները, ինչպիսին մերն է, պետք է լինեն երկու-երեք հարկանի»,- ասում է ազգային պատկերասրահի տնօրենը: