Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիան սեպտեմբերի 28-29-ը նավարկության համար փակելու է սևծովյան նեղուցները։ Դրա նպատակն այն է, որ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը վարժանքներ է անցկացնելու նեղուցներում սպառնալիքների վերացման ուղղությամբ։
Վարժանքների սցենարի համաձայն՝ ադրբեջանական 250 մետրանոց Avrasya լցանավը բախվելու է ուղևորատար նավի հետ։ Ապա փրկարարները պետք է ցուցադրեն իրենց արհեստավարժ հմտությունները՝ մարդկանց ջրից հանելու և բնապահպանական աղետի կանխման հարցերում՝ թույլ չտալով ջրատարածության աղտոտումը նավթով։
Վարժանքներին մասնակցելու են ավելի քան հազար թուրք հրշեջներ, փրկարարներ և արտակարգ իրավիճակների վարչության այլ աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ վերջին 50 տարիների ընթացքում միջազգային ջրերի կարգավիճակ ունեցող սևծովյան նեղուցների գոտում տեղի է ունեցել համարյա 500 արտակարգ պատահար, որոնցից 40-ը՝ լուրջ: Վթարների ու ծով թափված նավթի բռնկման պարագայում նույնիսկ նեղուցների նավարկության կարճաժամկետ դադարեցումն առաջ է բերում վիթխարի տնտեսական կորուստներ տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Սևծովյան նեղուցները Սև ծովից դեպի համաշխարհային օվկիանոս միակ դարպասն են Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Վրաստանի համար, ինչպես նաև կարևորագույն տրանսպորտային երթուղի Ռուսաստանի ու Թուրքիայի համար:
Ստամբուլի մեջտեղով անցնող Բոսֆորի նեղուցը 12 կտրուկ շրջադարձ է։ Դա նշանակում է, որ այն նավարկության համար աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկն է: Որոշ շրջադարձերի վայրերում նավերը տեսանելի չեն: Նեղուցում կա 4 հոսանք և բազմաթիվ ջրապտույտներ: Դրան պետք է հավելել քամիները, հատկապես հարավային քամին, որից ամենաշատն են վախենում նավաստիները: Քամին կարող է վերածվել փոթորկի և նույնիսկ փոխել մակերևութային հոսանքի ուղղությունը: 5 հանգույց արագությամբ հոսանքը կարող է վերածվել 7 հանգույցի, ինչը նավի անցումը դարձնում է դժվարղեկավարելի:
Բոսֆորի նեղուցի երկարությունը 33.4 կմ է, միջին լայնությունը` 1400 մ, իսկ նվազագույն լայնությունը` 700 մ: Մեծ է հավանականությունը, որ պտույտի դեպքում ուժեղ հոսանքը կարող է հանգեցնել վրիպման և նավը ափ շպրտել: Նեղուցը հատում է 2 կամուրջ: Նեղուցով տարեկան անցնում է 45,000-50,000 նավ, 15000 լաստանավ, որոնք օրական փոխադրում են 1.5 միլիոն մարդու, սրան գումարած հարյուրավոր ձկնորսական նավերը, զբոսանավերը և այլն:











































