Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝
Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 և C-160 բեռնատար օդանավերը երեկ երեկոյան վայրէջք են կատարել Բենղազիի օդանավակայանում։ Նրանք իրենց հետ Լիբիա են հասցրել 14 տոննա սննդամթերք։ Նրանց դիմավորել են Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զինվորական ներկայացուցիչները։
Ինքնաթիռներից մեկում գտնվել են Anadolu լրատվական գործակալության աշխատակիցները։ Անկարա վերադառնալիս ինքնաթիռներն անհայտ ուժերի կողմից ենթարկվել են գնդակոծության, ինչի համար էլ ստիպված են եղել ետ դառնալ և դարձյալ վայրէջք կատարել Բենղազիի օդանավակայանում։
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի լիազոր անձինք միջադեպի կապակցությամբ հետաքննություն են ձեռնարկել։ Նրանք կասկածում են, որ թուրքական ինքնաթիռները գնդակոծության են ենթարկվել Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից։
Հիշեցնենք, որ Թուրքիան Լիբիայի Ազգային անցումային խորհրդին տրամադրել է 300 միլիոն դոլարի օգնություն։








































