Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի անկախության հռչակման պարագայում վետո կիրառելու դեպքում ՄԱԿ-ին լիարժեք անդամակցելու պահանջով կդիմի Գլխավոր ասամբլեային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով պաղեստինյան արտաքին գերատեսչության ղեկավար Ռիադ Ալ-Մալիքիին:
«Մեր հիմնական նպատակն է Անվտանգության խորհրդին դիմելը, սակայն եթե ԱՄՆ-ը կիրառի վետոյի իր իրավունքը, ապա մենք այլ տարբերակներ կփորձենք և կդիմենք Գլխավոր ասամբլեային»,- «Պաղեստինի ձայն» ռադիոալիքով հայտարարել է Մալիքին, ով նշել է, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը կողմ է Պաղեստինի անկախությանը՝ 1967 թվականի սահմաններով:
Եթե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունի Պաղեստինի անկախությունը, ապա այն կունենա բոլորովին նոր կարգավիճակ` դառնալով «դիտորդ պետություն», և կկարողանա անդամագրվել ՄԱԿ-ի շրջանակներում գործող միջազգային մի շարք կազմակերպություններին: Պաղեստինն այս պահին ՄԱԿ-ում «դիտորդ-սուբյեկտի» կարգավիճակ ունի: Բացի այդ, Գլխավոր ասամբլեայի կողմից նման կարգավիճակ ստանալու դեպքում Պաղեստինը հնարավորություն կունենա հետագայում կրկին դիմել Անվտանգության խորհրդին՝ լիիրավ անդամակցության խնդրով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի լիիրավ անդամակցության մասին քննարկումները կսկսվեն սեպտեմբերի 23-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Իսրայելը և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ դեմ են Պաղեստինի անկախության միակողմանի հռչակմանը, քանի որ, ըստ նրանց, դա կվնասի մերձավորարևելյան խաղաղ գործընթացին և կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում: ԱՄՆ-ը հայտարարել է, որ Պաղեստինի անկախությունը պետք է հռչակվի Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում, իսկ միակողմանի անկախության փորձի դեպքում Միացյալ Նահանգները կօգտագործի վետոյի իր իրավունքը:
Պաղեստինա-իսրայելական բանակցությունները ընդհատվել էին անցած տարի, երբ Իսրայելի կառավարությունը վերսկսել էր արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը:
Ինչ վերաբերում է Պաղեստինին, ապա ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ իր երկրի անկախությունը հռչակվելու է 1967 թվականի սահմաններով, և մայրաքաղաք է ճանաչվելու Արևելյան Երուսաղեմը, ինչն Իսրայելում խիստ բացասաբար է ընդունվել:









































