Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը և քաղաքագետ Հրանտ Մելիք –Շահնազարյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան ԼՂ անկախության հնարավոր ճանաչման վերաբերյալ Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարությանը:
Մելիք-Շահնազարյանը նշեց, որ դեռևս իննսունականներին էր Ուրուգվայը ԼՂ անկախությունը ճանաչելու պատրաստակամություն հայտնել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ժամանակ նշվում էր, թե նման քայլը կարող է գործընթացը տանել «էսկալացիայի», դա չարվեց: Քաղաքագետը հիշեցրեց նաև, որ Ուրուգվայը այն երկիրն է, որ առաջինն է ընդունել Հայոց ցեղասպանությունը:
Նրա գնահատմամբ՝ հասունացել է մի պահ, երբ ԼՂ անկախության ճանաչման մասին մեզանից բացի սկսել են խոսել նաև այլ երկրների ղեկավարները: Ըստ քաղաքագետի նման պատրաստակամությունը հայկական դիվանագիտությունը պետք է օգտագործի ադրբեջանական ռազմական հայտարարությունների դեմ. «Ադրբեջանի կողմից ցանկացած պրովոկացիա կստանա իր պատասխանը միջազգային հանրության կողմից և այդ գործընթացի ծիծեռնակները Ուրուգվայի նման պետությունների նմանատիպ հայտարարություններն են»:
Լևոն Շիրինյանն էլ, համաձայնելով Մելիք-Շահնազարյանի հետ, հավելեց, որ հայկական լոբբիստական կազմակերպություններն այս ուղղությամբ պետք է համալիր ծրագիր իրականացնեն: Նա նշեց, որ վերջիններս պետք է շտկումներ կատարեն իրենց քաղաքականության մեջ և ուղղորդվեն այն նպատակով, որ Արցախի անկախության ճանաչումը Ցեղասպանության հետևանքների վերացման քայլերից մեկն է:
Մելիք-Շահնազարյանը նաև նկատեց, որ ադրբեջանցի դիվանագետի այն հայտարարությունը, թե Ուրուգվայի արտգործնախարարությունից հերքել են, որ արտգործնախարարը նման բան է ասել, բայց Ադրբեջանը շարունակելու է հետևել զարգացումներին, ցույց է տալիս, որ Ադրբեջանը մտահոգված է և այդ հերքումը, որ նրանք տարածել են, իրենց այդքան էլ չի բավարարել:
Շիրինյանն էլ հավելեց, որ ինչքան հերքեն նման հայտարարությունները, այնքան դրանց հնչեղությունը կմեծանա:











































