Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ և հռչակվի անկախ պետություն: Ինչպես հաղորդում է BBC-ն, Աբբասն իր ելույթում նշել է, որ այս պահին ՄԱԿ-ի 126 անդամ պետություններ ճանաչում են Պաղեստինի անկախությունը: Նա հայտարարել է, որ Պաղեստինը պետք է հռչակվի անկախ պետություն՝ 1967 թվականի սահմաններով, իսկ մայրաքաղաքը պետք է լինի Արևելյան Երուսաղեմը:
Ավելի վաղ Կատարի վարչապետը, Կահիրեում ելույթ ունենալով Արաբական երկրների լիգայի անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ արաբական երկրները համատեղ ջանքեր են գործադրելու Պաղեստինը ՄԱԿ-ի լիիրավ անդամ հռչակելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ միակողմանի անկախությանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ը: Միացյալ Նահանգներում կարծում են, որ Պաղեստինի անկախությունը պետք է հռչակվի բացառապես Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Պաղեստինի անկախությունը հռչակելու փորձի դեպքում իրենք կկիրառեն վետոյի իրենց իրավունքը և կխափանեն համապատասխան բանաձևի ընդունումը:










































