ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր, պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիքի է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին, որ եթե Տիգրան Առաքելյանին ազատ չարձակեն, իրենք այլ լեզվով կխոսեն, նշեց, որ յուրաքանչյուրն էլ իր ասելիքն իրավունք ունի արտահայտել:
Նրա խոսքերով, ինքը համաձայն չէ այն մտքի հետ, որ մեր ժողովրդի ճակատագիրը կախված է երկխոսությունից: «Մենք պատրաստ ենք երկխոսելու, պատրաստ ենք չերկխոսելու: Այնպես որ դռները բաց են և այնպես չէ, որ ամրոց են ստեղծել»,- ավելացրեց Գալուստ Սահակյանը:
Իսկ ՀԱԿ-ի կողմից սեպտեմբերի 30-ի վերջնաժամկետին անդրադառնալով` նա նշեց, որ դա պրիմիտիվ սցենար է.
«Եթե դրա հետ է կապված` այսօրվանից էլ կասենք` ոչ: Դեռևս քաղաքականության «ա-ն ու բ –ն չճանաչող» երիտասարդին ուղղորդեցին քաղաքականության մեջ: Բայց այս դեպքում դա իրավական խնդիր է: Այս պարագայում բոլորս ինչ հնարավոր է պետք է անենք երիտասարդի համար, որ այդ ամենը նրա համար ճակատարգրական չլինի»:
Դիտարկմանն էլ, թե ինչ կարծիքի է «Բելաջիոյի» Գրիշի` Գրիգորի Մարգարյանի այն հայտարարության մասին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ոչ միայն առաջադրելու է իր թեկնածությունը, այլև ԱԺ նախագահ է դառնալու, Գալուստ Սահակյանն արձագանքեց.
«Դա աշխատելու անփորձությունից է գալիս: Ես կարծում եմ, որ նա շատ ժպիտով հումոր է արել: Դրանից հետո ես զգուշացրել եմ, որ մեր մամուլը հումոր չի ընդունում: Եվ լուրջ բաներն են հումոր դարձնում»: Լրագրողի այն ակնարկին, թե արտագաղթի վերաբերյալ վարչապետի ասածն էլ հումորի վերածվեց, Սահակյանն ավելացրեց. «Աստված երրորդություն է սիրում, քիչ է մնում ես էլ երրորդը լինեմ: Բայց ես ինձ նման բան թույլ կտա՞մ»:
Ինչ վերաբերում է «Ժառանգության» «վերադարձին», Գալուստ Սահակյանն ասաց, որ հուզմունքից այլայլվեց:
Սահակյանը միաժամանակ նշեց, որ ներկա պահին իրենք սուրը սրելու խնդիր չունեն, որովհետև ուրիշները սուր էլ չունեն:










































