Այսօր Հայաստանի ֆրանսիական համալսարանում մեկնարկեց «Նոր զարգացող լրատվամիջոցների ոլորտում լավագույն փորձը» խորագրով համաժողովը: Սա ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Ֆրանսիական համալսարանի կողմից իրականացվող դասախոսությունների շարքում առաջին համաժողովն է, որի նպատակն է հարստացնել լրագրության ոլորտի երիտասարդ ուսանողների մասնագիտական հմտություններն ու գիտելիքները: Այն նաև նպատակ ունի Հայաստանում որոշումներ կայացնողներին, լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանն ու լայն հանրությանը ծանոթացնել այս ոլորտում տեղի ունեցող եվրոպական զարգացումներին:
Համաժողովի բացման արարողությանը իրենց խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր ժոել լը Մորզելեկը: «Ազատությունը դեմոկրատիայի անկյունաքարն է։ Ի լրումն այս ամենի՝ մենք պետք է մի շարք ծրագրեր առաջարկենք, որոնք կբարձրացնեն մասնագիտական պատրաստավածությունը մասնավորապես միջազգային ոլորտում»,- իր խոսքում նշեց Ռաուլ դե Լուցենբերգերը:
Համաժողովի հիմնական բանախոսներն են Le Figaro, Radio France Internationale, France 24, Le Point National Swiss, Buulletin de l’industrie Petoliere լրատվամիջոցների անկախ թղթակից Ռեժի Ժանտեն և այլընտրանքային լրատվամիջոցների վերլուծաբան, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: