Facebook սոցիալական ցանցը ստեղծում է նոր գործիք` Subscribe («բաժանորդագրվել»), որի օգնությամբ կարելի է տեղեկություններ ստանալ սոցցանցի այլ մասնակիցների վերաբերյալ նույնիսկ այն դեպքում, եթե նրանք օգտատիրոջ ընկերների ցանկից դուրս են: Այս մասին նախօրեին հայտարարել են սոցցանցի ներկայացուցիչները: Ընդ որում, օգտատերը կարող է ընտրել՝ արդյոք ցանկանում է ստանալ թարմացումների ողջ ցանկը, թե, օրինակ, միայն կարգավիճակների և հրապարակումների թարմացումները:
Նշվում է, որ այս գործիքը հասանելի կլինի առաջիկա օրերի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է TechCrunch կայքը, այս գործիքի առանձնահատկությունն այն է, որ օգտատերը կարող է տեղեկություններ ստանալ թարմացումներ այն մարդկանցից, որոնք չեն ցանկացել ընկերանալ նրա հետ: Հայտնի է, որ նմանատիպ գործիք կա նաև Google+ նորաստեղծ սոցիալական ցանցում, երբ այլ օգտատիրոջ թարմացումներն ստանալու համար նրա համաձայնությունն անհրաժեշտ չէ:










































